Արծվիկ Մինասյան. Մենք իշխանություններին, օլիգարխներին կզսպենք
18/04/2013 20:17

Արծվիկ Մինասյան. Մենք իշխանություններին, օլիգարխներին կզսպենք

Մալաթիա-Սեբաստիա համայնքում քիչ առաջ տեղի ունեցավ ՀՅԴ բակային հանդիպումը, որին ներկա էին Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը և վարչական շրջանի կուսակցականներ:

Ա.Ռուստամյանն իր խոսքում մասնավորապես նշեց.

«Մենք, փոխելով Երևանում քաղաքպետ, կարող ենք փոփոխությունների սկիզբ դնել ամբողջ Հայաստանում: Որպեսզի քաղաքային իշխանությունը լինի վերահսկելի, քաղաքապետը պետք է լինի ընդդիմադիր: Կոնկրետ փոփոխություններ են սպասվում նաև երևանցիների համար»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ իսկապես ընտրված քաղաքապետը, մանավանդ, եթե նա լիներ ընդդիմությունից, չէր կարող չորս տարվա մեջ երեք անգամ փոխվել: Ա.Ռուստամյանը նշեց, որ բազմաթիվ առաջնային հարցեր մնացել են թղթի վրա, օրինակ` բազմաթիվ անտուն ընտանիքների բնակարանների խնդիրը, որովհետև. «Վերևից ներքև նույն միանձնյա, միահեծան իշխանությունն է»:

«Երևանցին պետք է ցույց տա, որ ստեղծված իրավիճակից ելք կա. մեկ անգամ վստահելով Դաշնակցությանը, կարճ ժամանակում դուք կտեսնեք փոփոխություններ` այն, ինչ չհաջողվեց նախագահական ընտրություններում, մենք կանենք հիմա»,- հավելեց նա:

Ելույթ ունեցավ նաև նախկին սոցապ նախարար Արսեն Համբարձումյանը, ով ներկայացված է ՀՅԴ ընտրական ցուցակում.

«Երևանի ավագանին արդեն չորս տարվա իրողություն է, այս չորս տարիների ընթացքում երբևէ հետևե՞լ եք ավագանու որևէ անդամի գործունեությանը, երբևէ իմացե՞լ եք նրանց գործունեության մասին, երբևէ հաշվետու եղե՞լ են ձեզ: Սա խոսում է այն մասին, որ Երևանի ավագանին ընդամենը ֆիկցիա է եղել»:

Ժառանգելով ավագանուն քննադատելու քաղաքականությունը՝ Ա. Համբարձումյանը մատնացույց արեց քաղաքի փոքրաթիվ բյուջեին, համեմատեց այն Թբիլիսիի բյուջեի հետ` նշելով, որ վերջինս չորս անգամ ավելին է:

Իսկ ԱԺ պատգամավոր Ա. Մինասյանն էլ նշեց. «Ում համար ուզում եք քվեարկեք` ինձ համար միևնույն է, բացառությամբ ՀՅԴ-ի: Քվեարկելով ՀՅԴ-ի օգտին քվեարկում եք ձեր ընտանիքի օգտին, ձեր երեխայի օգտին և այն օրվա օգտին, որ բոլորդ աշխատանք և եկամուտ կունենաք»,- հայտարարեց նա:

Ամենակարևոր հարցը, որին ուշադրություն հրավիրեց Ա.Մինասյանը, հետևյալն էր. «Մենք իշխանություններին, օլիգարխներին կզսպենք, կկտրենք հանցագործ ձեռքը»: 

Արծվիկ Մինասյան. Մենք իշխանություններին, օլիգարխներին կզսպենք