.jpg)
«Լուրջ քաղաքական ուժը չի կարող չմասնակցել նախագահական ընտրություններին»
Լուրջ քաղաքական կուսակցությունը չի կարող հենց այնպես մի կողմ քաշվել և որևէ կերպ չմասնակցել նախագահական ընտրությունների գործընթացին: Անդրադառնալով Լևոն Պեր-Պետրոսյանի` «ՀԱԿ» կուսակցության հիմնադիր համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանին միանալու նպատակահարմարության վերաբերյալ արտահայտված շեշտադրումներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց միջազգային փորձագետ, քաղաքական գործիչ, ՀՀՇ նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը:
«Նախագահական ընտրություններից առաջ, լինելով ՀՀՇ վարչության անդամ ներկայացրել եմ այն տեսակետը, որ որպես կուսակցություն մենք պետք է ունենանք մեր թեկնածուն: Եթե ինչ-ինչ պատճառներով չենք կարողանում ունենալ մեր թեկնածուն, ապա գոնե ակտիվ պաշտպանենք որևէ թեկնածուի: Ես գտնում էի, որ քաղաքական լուրջ կուսակցությունը չի կարող այդպես կողմ քաշվել, կիսաբոյկոտ, կիսանեղացած, և որևէ ձևով չմասնակցել»,- նշեց Հովհաննես Իգիթյանը
«Ես գտնում եմ որ ՀԱԿ-ը պետք է ավելի ակտիվ մասնակցեր, հատկապես հանձնաժողովներում: Ի վերջո, Րաֆֆին մեծ գործ է անում, մեզ բոլորիս համար և ոչ թե իր անձնական շահերն է լուծում»,- հավելեց բանախոսը:
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի` երկրում բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնելու գաղափարին` Հովհաննես Իգիթյանը, նշեց՝ չի կարծում որ 21-րդ դարում Հայաստանի նման երկրում այն կարող է կյանքի կոչվել:
«Սա տեսակետ է որը հինգ տարվա մեջ չիրականացավ: Չէ՞, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ինքն ասաց, որ դրա մասին խոսել է չորս-հինգ տարի առաջ: Չորս-հինգ տարվա ընթացքում, ունենալով ժողովորդի մեծ աջակցություն և ավելի մեծ հնարավորություններ դա չիրականացավ: Դա չեղավ նույնիսկ այն ժամանակ երբ, որ նա ֆիքսված էր մեկ-երկու հարուստ մարդկանց վրա: Ես չեմ կարծում, որ դա կարելի է իրականացնել այլ մարդկանց հաշվին: Ավելին` դրա նախադրյալները չկան»,- ասաց Հովհաննես Իգիթյանը: