Մոսկվան՝  ի դեմս հետխորհրդային տարածքի, ստեղծում է «կենսական շահերի գոտի»
18/04/2013 19:39

Մոսկվան՝ ի դեմս հետխորհրդային տարածքի, ստեղծում է «կենսական շահերի գոտի»

Ռուսաստանի արտաքին քաղաքական նոր ռազմավարության մեջ, որը ընդունվել է 2013թ.-ի փետրվարին, ԱՊՀ-ի տարածքում ինտեգրացիոն գործընթացները համարվել են արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը:

Արտաքին քաղաքական նոր ռազմավարությունը և ԱՊՀ-ի տարածքին այդպիսի կարևորությունը ընձեռնելը համահունչ են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Մաքսային Միություն և Եվրասիական Միություն ստեղծելու ուղենիշների հետ, որոնք ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացները արագացնելու նոր ազդակներ են:

Ցանկացած ուժային կենտրոն կամ գերտերության կարգավիճակ ունեցող երկիր իր համար ստեղծում է «կենսական շահերի տարածք» կամ «կարմիր գիծ», որից այն կողմ տվյալ երկիրը չի պատրաստվում զիջել իր աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական և այլ շահերը:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հետխորհրդային տարածքում աշխարհաքաղաքական նոր իրողությունից ստեղծվեց, երբ ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող մի քանի երկրներ, հատկապես Մերձբալթյան երկրները, ընտրեցին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու և ԵՄ-ին անդամակցելու քաղաքականությունը, իսկ Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի պես երկրները ձգտում են անդամակցելու եվրաատլանտյան կառույցներին, Մոսկվան հետխորհրդային տարածքում «եղածը պահպանելու» տրամաբանությունից ելնելով և հաշվի առնելով հետխորհրդային տարածքում առկա նախկին տնտեսական, մարդկային, ենթակառուցվածքային և այլ կապերը, որոշեց վերգտնել գերտերության իր նախկին կարգավիճակը և իր համար ստեղծել «կենսական շահերի տարածք»` ի դեմս ԱՊՀ-ի երկրների:

Բացի ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացներին կարևորություն տալը, Մոսկվայի արտաքին քաղաքական նոր ռազմավարության «Տարածաշրջանային առաջնահերթությունների» բաժնում առաջնային է համարում նաև Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ-ի ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ինչը տնտեսական համատեղ շահերի հենքի վրա պետք է միավորի ԱՊՀ-ի անդամ երկրներին և քանի որ ԱՊՀ-ի տարածքում ամենահզոր տնտեսությունը, ամենամեծ էներգետիկ և մարդկային ռեսուրսները ունի հենց Ռուսաստանը, այդ տնտեսական ինտեգրման գործընթացները ընթանելու են Մոսկվայի ուղղորդությամբ:

«Կենսական տարածքի» ձևավորման տրամաբանության ենթատեքստում է տեղավորվում նաև, քաղաքական և տնտեսական շերտերից բացի, ինտեգրացիոն գործընթացների հիմքում նաև ընդհանուր ռազմաքաղաքական շահեր ունենալու ձգտումը և ըստ Ռուսաստանի նոր արտաքին քաղաքական ռազմավարության, «ՀԱՊԿ-ն պետք է դառնա հետխորհրդային տարածքում անվտանգության ապահովման կարևորագույն համակարգը»:

ՀԱՊԿ-ն պետք է հնարավորություն ունենա դիմագրավելու արդի մարտահրավերներին և տարածաշրջանային մարտահրավերներին: Ռուսաստանը «կենսական տարածքի» ապահովման իր պատրաստակամությունը ապացուցել է վերջին մի քանի տարիների ընթացքում:

Այսպես, 2008թ.-ի Հարավային Օսիայում հնգօրյա պատերազմի օրերին Ռուսաստանը միջամտեց հարավօսական իրադարձություններին, ինչը ժամանակավորապես վերջ դրեց Վրաստանի ՆԱՏՕ-ական ձգտումներին, քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկիրը չպետք է ունենա չլուծված, «տաք» հակամարտություններ իր տարածքում և հարևանների հետ:

Հնգօրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ձևավորվել է նոր «ստատուս-քվո», ինչի արդյունքում Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը և այդ տարածքներում տեղակայեց իր ռազմակայանները`ստանձնելով աբխազների և օսերի անվտանգության երաշխավորի իր դերը:

Մեկ այլ իրավիճակ կապված էր Ուկրաինայի եվրաատլանտյան ձգտումների հետ:

Այսպես, Ուկրաինան նախկին նախագահ Վիկտոր Յուշենկոյի և նրա թիմի օրոք ցանկանում էր անդամագրվել ՆԱՏՕ-ին և մտնել ԵՄ-ի կազմի մեջ, սակայն Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքում իշխանության եկավ ռուսամետ համբավ ունեցող Վիկտոր Յանուկովիչը, ով ռուսաստանյան ԶԼՄ-ների ցուցադրած նյութերից դատելով համարվում էր Մոսկվայի համար ցանկալի թեկնածու:

Յանուկովիչը գալով իշխանության, վերացրեց ՆԱՏՕ-ին ինտեգրվելու համար ստեղծված հանձնաժողովները, ինչպես նաև 2010թ.-ի ապրիլի 21-ին Խարկովում ստորագրեց Խարկովյան համաձայնագրեր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Այդ համաձայնագրերը թույլ տվեցին 2017թ.-ից հետո ` 25 տարով երկարաձգել Ղրիմում գտնվող ռուսական սևծովյան նավատորմի ներկայությունը, բացի այդ, Մոսկվան Ուկրաինայի համար գազի գները զեղջեց 30%-ով:

Նախագահների միջև ստորագրվեց նաև Կերչի նեղուցը միացնող կամուրջի շինարարության համաձայնագիրը, իսկ նախագիծը պետք է կյանքի կոչվի մինչև 2014թ.-ը:

Այսպիսով, Ռուսաստանի մոտակա տարիների արտաքին քաղաքական գերակայությունները կենտրոնանալու են ԱՊՀ-ի և հետխորհրդային տարածքի վրա, որտեղ նախաձեռնվելու են ինտեգրացիոն նոր գործընթացներ, ինչի մասին հավաստիացրել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով Ռուսաստանի Սահմանադրության համաձայն, պատասխանատու է երկրի արտաքին քաղաքականության իրագործման համար:

«Կենսական տարածքը» պահպանելու և «կարմիր գծից» այն կողմ չզիջելու համար Ռուսաստանը օգտագործելու է դիվանագիտական, ռազմաքաղաքական, էներգետիկ`կապված գազի գների հետ, ինչպես նաև ներդրումային և այլ ազդեցության լծակները:

Լծակներից մեկն էլ Ռուսաստանի տարածքում բնակվող և աշխատող հետխորհրդային երկրների ներգաղթյալներն են, որոնք գումարներ են վաստակում և ուղարկում հայրենիք`ապահովելով իրենց երկրների տնտեսական աշխուժությունը և ստեղծելով որոշակի սոցիալական ներդաշնակություն, որը ներգաղթյալների արտաքսման կամ տրանֆերտները կրճատելու դեպքում կարող է ապակայունացնել իրավիճակը ԱՊՀ-ի որոշ երկրներում:

Մոսկվան՝ ի դեմս հետխորհրդային տարածքի, ստեղծում է «կենսական շահերի գոտի»