.jpg)
Նիկոյան. 2010-2013 թվականներին Երևանի բյուջեն շուրջ 50 տոկոս աճ է ապահովել
«Մեր ծրագրում խոսվում է բյուջեի ավելի արդյունավետ վերահսկողության մեխանիզմների ներդրման մասին: Բյուջեի արդյունավետության հետ կապված` մենք կարծում ենք, որ Երևանի բյուջեն պետք է ավելի շատ ծրագրային բյուջետավորման հիմունքների հիման վրա կազմված լինի: Վերջին հաշվով, երևանցին կկարողանա գնահատել բյուջեի ծախսման արդյունավետությունը»,- այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Երևան քաղաքի բյուջե. խնդիրները և լուծումներն ըստ թեկնածուների» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Բարև Երևան» դաշինքի անդամ Սիմոն Ղոնախչյանը:
Իր հերթին, քննարկմանը ներկա Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Վահե Նիկոյանն, անդրադառնալով Երևանի բյուջեին, նշեց, որ Երևանի բյուջեն մուտքերի և ելքերի առումով 80 մլրդ է, իսկ եկամուտների և ծախսերի առումով` 66 մլրդ:
«Շատ կարևոր է, որ Երևան համայնքն ունենալով 2010 թվականից բյուջե, 2010-2013 թվականներին շուրջ 50 տոկոս աճ է ապահովել: Չկա եկամտատեսակ, որը նախատեսված է օրենսգրքով, բայց չի կիրառվում կամ գանձումը մասնակի է իրականցվում»,- հավելեց բանախոսը:
Իսկ «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանն էլ, խոսելով բյուջեի ավելացման մասին, նշեց, որ հնարավոր է եկամտային մասը 9 մլրդ դրամով ավելացնել. «Այսօր մասնավոր ընկերությունների կողմից իրականացվող ընկերությունների կողմից իրականացվող տրանսպրոտային սպասարկման պատչառով տարեկան մասնավոր ընկերությունների զուտ շահույթը կազմում է մոտավորապես 5-6 մլրդ դրամ: Եթե լինում է կենտրոնացված սպասարկում, այստեղ էլ, բնականաբար ծախսերի զգալի խնայողություն է տեղի ունենում»: