.jpg)
Սերժ Սարգսյանն ընդունեց Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպանին
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարունը: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից:
Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ բարեկամ Լիբանանի հետ վերջին տարիներին նախագահական մակարդակով փոխայցելություններն ու ակտիվ երկխոսությունը նոր շունչ հաղորդեցին հայ-լիբանանյան միջպետական հարաբերություններին, և այժմ երկկողմ համագործակցության օրակարգում առկա են նոր ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք կյանքի կոչելու գործում կարևոր դեր է վերապահված երկու երկրների դեսպաններին:
Զրուցակիցները գոհունակությամբ են նշել, որ Հայաստանի և Լիբանանի ժողովուրդների միջև հարյուրավոր տարիների պատմություն ունեցող բարեկամությունը վերջին երկու տասնամյակում ձեռք է բերել սերտ միջպետական հարաբերությունների բնույթ:
Դեսպան Ժան Մաքարունը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի երկու պետությունների և ժողովուրդների միջև առկա բարեկամությունն առավել ամրապնդելու և խորացնելու գործում: