.jpg)
Պետգնումներն ավելի հասկանալի. Այսօր ուրախ էր կառավարությունում
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրեիլյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց «Գնումների մասին» օրենքում փոփոխությունների հարցը: Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, նախարարի պաշտոնակատարը մասնավորապես անդրադարձավ մինչև մեկ մլն դրամ գնումների ընթացակարգի պարզեցմանը:
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը հորդորեց գնումները բացատրել «սովորական մարդու համար հասկանալի». Դիտարկումը կառավարությունում ծիծաղ հարուցեց: Տ. Սարգսյանը նաև հավելեց, որ թատրոն այցելելուց, նաև որոշ գերատեսչություններից իրեն դիմում են, որ գնումների գործընթացը հաճախ խանգարում է ներկայացումներին` դեկորացիաներ գնել և այլն:
«Ուղղակի պայմանգրերով գնումներ կատարելով` կյանքը իրենց համար հեշտանում է»,- վարչապետի դիտարկմանը հետևեց կառավարության անդամների ուրախ տրամադրությունը:
«Էլ ի՞նչ այդպիսի հասկանալի փոփոխություններ կան»,- հարցրեց Տ. Սարգսյանը: Վ. Գաբրեիլյանը պարզաբանեց, որ մինչև մեկ մլն դրամի գնումների դեպքում՝ կարող են ուղղակի գնումներ կատարել, իսկ կրկնակի մրցույթի դեպքում, եթե գնում չի կատարվում, դարձյալ ուղիղ գնում կատարել:
Տ. Սարսգյանի դիտարկմամբ՝ պետք է հետևել, որ գնումները իրագործվեն և այնպես չլինի, որ արհեստականորեն մրցույթները չկայանան, նաև հարցրեց, թե երբվանից է որոշումը ուժի մեջ մտնելու, Վ. Գաբրեիլյանը հաղորդեց, որ վարչապետի ստորագրելուց հետո, թեկուզ` այսօր: