Հորդանանում ամերիկացի զինվորների առկայությունը սրելու է սիրիական ճգնաժամը
19/04/2013 20:58

Հորդանանում ամերիկացի զինվորների առկայությունը սրելու է սիրիական ճգնաժամը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հորդանան ամերիկացի զինվորականների ժամանումը կարող է սրել Սիրիայի ճգնաժամը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

«Սրանք այն գործողությունները չեն, որոնք այժմ հարկավոր են Սիրիան փակուղուց հանելու համար: Այդ գործողությունները խորացնում են Սիրիայի ճգնաժամը, որն արդեն վերածվում է տարածաշրջանային աղետի»,- ասել է նա:

Ապրիլի կեսերին հայտնի էր դարձել, որ Պենտագոնը հարևան Սիրիայում «վատթարացող իրավիճակի» հետ կապված Հորդանան է ուղարկելու ԱՄՆ բանակի 200 զինծառայող: Հորդանան են ուղևորվելու հետախուզության, լոգիստիկայի և ռազմական գործողություններ անցկացնելու մեջ հմտացած ամերիկացի մասնագետներ:

«Մենք մեր մեկնաբանություններում բազմիցս անդրադարձել ենք այդ հաղորդագրություններին, ինչպես նաև՝ այն լուրերին, որ այդ գրոհայինները մարզվում են հարևան երկրներում: Այդ փաստը հաստատել է նաև պետքարտուղարը, ով օրերս հանդես եկավ ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի լսումներին: Մենք դրա վերաբերյալ հրապարակումներ տեսանք նաև բրիտանական զանգվածային լրատվամիջոցներում»,- ասել է Լուկաշևիչը՝ նշելով, որ ծայրահեղականները, ովքեր այժմ կռվում են Սիրիայում, վաղը կարող են հայտնվել այլ երկրներում:

Նրա խոսքով՝ այդպիսի գործողությունները հակասում են քաղաքական այն պարտականությունները և դիրքորոշումները, որոնք սիրիական հակամարտության առանցքային արտաքին դերակատարների կողմից համաձայնացվել էին անցած տարի Ժնևում: «Դա առանցքային թեզ է, և մենք բոլոր մակարդակներով կոչ ենք անում մեր արևմտյան և տարածաշրջանային գործընկերներին հրաժարվել այդ վտանգավոր պրակտիկայից և անցնել քաղաքական պարտականությունների կատարմանը, որոնք մենք բոլորս կիրառելի ենք համարել սիրիական հակամարտությնում»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
 

Հորդանանում ամերիկացի զինվորների առկայությունը սրելու է սիրիական ճգնաժամը