Հայ առաքելական եկեղեցին` Հայաստանի  զինված ուժերի թիկունքին
19/04/2013 20:53

Հայ առաքելական եկեղեցին` Հայաստանի զինված ուժերի թիկունքին

Հայ Եկեղեցում ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997թ. նոյեմբերի 13-ին, երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ:

Բանակի հոգևոր ծառայության առաջին պատասխանատուն էր Տ. Վրթանես վարդապետ Աբրահամյանը: 1999թ. դեկտեմբերին ծառայության պատասխանատու նշանակվեց Տ. Արշեն աբեղա Սանոսյանը, որից հետո Տ. Նորայր աբեղա Սիմոնյանը:

2007 թ. հոկտեմբեր ամսից ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ է նշանակվել առաջին պատասխանատուն` գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Հայոց բանակի առաջին հոգևոր խորհրդատուները նշանակվել են Հայաստանի առաջին անկախ Հանրապետության օրերին: Նույնիսկ փորձեր են արվել բանակի հոգևոր ծառայությունը ձևակերպել օրենքով` կարգավորելու համար նրա գործունեությունը:

1997թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ստորագրվեց փոխհամաձայնության հուշագիր, որում և հստակեցվում էին բանակի հոգևոր ծառայողների գործունեության ոլորտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները:

ՀՀ զինված ուժերում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր ծառայությունը հաստատվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով և մտնում ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ:

Հոգևոր ծառայության հիմնական խնդիրներն են ՀՀ զինված ուժերի անձնակազմին հաղորդակից դարձնել Աստվածաշնչին, Քրիստոսի Ավետարանին և քրիստոնեական հավատքի սկզբունքներին, դաստիարակել քրիստոնեական բարոյական սկզբունքներով և ազգային-հայրենասիրական ոգով:

Բանակի հոգևոր առաջնորդությունը սկզբնական շրջանում ստեղծվել է Հայոց բանակի սահմանապահ զորքերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի համար:

2010թ. Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը հրատարակեց զինծառայողների համար նախատեսված Նոր Կտակարաններ (ներառյալ Սաղմոսաց գիրքը) և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի ձեռամբ բաժանվեց ՀՀ և ԼՂՀ սահմանապահ գրեթե բոլոր զորամասերի զինծառայողներին:

Ներկայում ավելի քան 40 հոգևորական է ծառայում ՀՀ ԶՈՒ հոգևոր ծառայության կառույցներում, որոնց թվում կան ամուսնացյալ և կուսակրոն քահանաներ, սարկավագներ:

ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ծնվել է 1962թ. մարտի 21-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է տեղի ութամյա դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Սումգայիթի միջնակարգ դպրոցում:

1980 թ. ընդունվել է Էջմիածնի Հոգևոր Ճեմարան: 1981-1983 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է ճեմարանում և ավարտել 1987թ.:

Մինչ 1989 թ. հունիս ամիսը բազմիցս հոգևոր առաքելությամբ եղել է Արցախում: Արցախի թեմի վերաբացումից հետո իր կամքով և գերաշնորհ Տ. Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի օրհնությամբ մեկնել է Արցախ` ստանձնելով Ամարասի վանքի վանահոր պաշտոնը: 1993–1996թթ. եղել է Արցախի թեմի փոխառաջնորդ: 

Հայ առաքելական եկեղեցին` Հայաստանի զինված ուժերի թիկունքին