Ադրբեջանը Ստեփանակերտը ռմբակոծել է միջազգայնորեն արգելված զենքերով
19/04/2013 22:33

Ադրբեջանը Ստեփանակերտը ռմբակոծել է միջազգայնորեն արգելված զենքերով

1992 թվականի փետրվարի սկզբին շարունակվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի, մասնավորապես՝ Ստեփանակերտի ռմբակոծությունը: Դիրքային մարտեր էին ընթանում Մարտակերտի շրջանի Կիչան, Սրխավենդ գյուղերի պաշտպանական բնագծերում, որոնց ընթացքում զոհվում են 4 հայեր, ևս չորսը վիրավորվում են:

Փետրվարի 10-ին ադրբեջանական ստորաբաժանումները Մալիբեյլի գյուղի կրակակետից հարձակում են սկսում Ստեփանակերտի վրա: Համառ դիմադրությունից հետո, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը կասեցնում են հակառակորդի գրոհը, անցնում հակահարձակման և հաջողությամբ վնասազերծում ադրբեջանական այդ կրակակետը: Մալիբեյլիից հետո ոչնչացվում է նաև նրա մոտակայքում գտնվող Ղուշչուլար գյուղը:

ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը հաջողությամբ ետ են մղել Ադրբեջանի զինյալ ուժերի գրոհը Ստեփանակերտի վրա:

Այս օրերին ադրբեջանցիները չորս կողմից` Շուշիից, Ջանհասանից, Մալիբեյլիից ևԽոջալուից սաստիկ հրթիռակոծել են Ստեփանակերտը: Նրանք Մալիբեյլիի տարածքից շարժվել են դեպի մայրաքաղաք և փորձել ներխուժել ծայրամասային շրջանները:

1992թ. փետրվարի 13-ին Ադրբեջանը հերթական բարբարոսական գործողությունն է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության հանդեպ. Ստեփանակերտը հրթիռակոծվում է ԲՄ-21 «Գրադ» ռեակտիվ կայանքով, որի կիրառումը բնակավայրերի հրետակոծության նպատակով արգելված էր միջազգային նորմերով:

Փետրվարի 13-ին, ցերեկը մեկ տասնյակ «Ալազան» հրթիռների հետ քաղաքի վրա ընկել է նաև Շուշիից մեկ համազարկով արձակված մեծ ավերիչ ուժ ունեցող 12 արկ:

Դրանցից վեցի բեկորները տարվել են ԼՂՀ պետանվտանգության կոմիտե, որտեղ զինվորական փորձագետները հաստատել են, որ դրանք զանգվածային ոչնչացման «Գրադ» կայանքի ԲՄ-21 տիպի բեկորաֆուգասային արկեր են, որոնց գործածումը բնակավայրերի նկատմամբ արգելված է միջազգային համաձայնագրերով:

Ռմբակոծության հետևանքով այդ օրը Ստեփանակերտի երկու բնակչուհիներ` Ֆլորա Խաչատրյանը և Վիկտորյա Զաքարյանը զոհվել են, իսկ բազմաթիվ տներ ավերվել կամ վնասվել են:

Ադրբեջանը Ստեփանակերտը ռմբակոծել է միջազգայնորեն արգելված զենքերով