.jpg)
Մեկնարկել է «Գրքի բանկ - նվիրատվության տաղավար» ծրագիրը
«Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն» նվիրված ամփոփիչ միջոցառումների շրջանակներում Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի և «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ այսօր մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մեկնարկել է «Գրքի բանկ - նվիրատվության տաղավար» ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Տեղադրված տաղավարում յուրաքանչյուրը կարող է գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրքեր նվիրել: Ծրագրի նպատակը հանրության ուշադրությունը գրքին ու ընթերցանությանը ևս մեկ անգամ սևեռելն է: Միջոցառումը նաև բարեգործական նպատակ է հետապնդում. հավաքված բոլոր գրքերն այնուհետև կփոխանցվեն համայնքային գրադարաններին և ՀՀ տարբեր զորամասերի։