.jpg)
Մենք հաղթահարեցինք խոչընդոտներ, ընկանք, բայց չծնկեցինք. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Այսօր հավաքվել ենք մեր պայքարի հերթական հանգրվանը տալու: «Անի Պլազա» հյուրանոցում իր ողջույնի խոսքն այսպես սկսեց նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այսօր իր ասելիքը շատ է և կուտակվել է:
«Մենք հաղթահարեցինք խոչընդոտներ, սակայն չընկրկեցինք, ընկանք, բայց չծնկեցինք: Մենք միասնաբար երդվեցինք լուծարել կապերը ներկա իշխանության հետ: Մենք մեր երդումը չենք դրժելու երբեք»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Իր պայքարի առաջին լուրջ փորձությունը՝ ապրիլի 9-ը, նրա խոսքով, չսասանեց իրենց, այլ ավելի ամրապնդեց իրեն ու իր պայքարը:
Ր. Հովհաննիսյանը կոչ արեց «չընտրված իշխանությանը» գիտակցել իրենց սխալը և հեռանալ:
«Ես հայտարարում եմ, որ քաղաքական դաշտում այս պահից սկսած, ոչ թե իմ խնդրանքով, այլ ժողովրդական պահանջով, սկսվում է նոր Հայաստան քաղաքացիական շարժման կազմավորման գործընթացը»,- ասաց նա:
Ի դեպ, Ր. Հովհաննիսյանը իր խոսքի ընթացքում մի քանի անգամ մեջբերեց Գանդիի խոսքերը:
Նա հայտնեց, որ իրենց պայքարին կարող են միանալ բոլոր քաղաքական ուժերը, միայն մի պայմանով, այն է՝ վեր կանգնել կուսակցական շահերից: