.jpg)
Երկօրյա միջազգային համաժողով` նվիրված զբոսաշրջությանը
Երևանում այսօր մեկնարկեց «Ներդաշնակեցում և ճամփորդության ու զբոսաշրջության վերաբերյալ եվրոպական օրենսդրության առանցքային հայեցակետեր. դասեր Հայաստանի համար» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը: Համաժողովին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և Ճամփորդության և զբոսաշրջության հարցերով իրավաբանների միջազգային ֆորումի նախագահ Մայքլ Վուկոսքիչը:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը: Նա շեշտեց, որ զբոսաշրջությունն այսօր հանդիսանում է համաշխարհային տնտեսության գերակա ճյուղերից և մեծ է զբոսաշրջության նշանակությունը` մշակույթից մինչև բնապահպանություն, տնտեսությունից մինչև քաղաքականություն:
Տ. Դավթյանը շարադրեց զբոսշրջության ոլորտի արդիական հարցեր, որոնցից են տուրիզմի կայուն զարգացումը, կառավարումը, մրցակցությունը, սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, միջազգային չափանիշներին համապատասխան ինստիտուցիոնալ համակարգի և իրավական դաշտի կատարելագործումը, զբոսաշրջության օրենսդրության միջազգային ներդաշնակեցումը:
Նշենք, որ համաժողովը կազմակերպել է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը (EDMC), ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) և Ճամփորդության և զբոսաշրջության հարցերով իրավաբանների միջազգային ֆորումը: Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել զբոսաշրջության ոլորտի 28 առաջատար իրավաբաններ, այդ թվում՝ փորձագետներ Ավստրիայից, Բելգիայից, Բրազիլիայից, Ֆինլանդիայից, Վրասատանից, Գերմանիայից, Հունգարիայից, Իռլանդիայից, Ւսրայելից, Իտալիայից, Մալթայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից: