Թանգյան. Սյունիքի մարզում ցրտահարությունից կորուստները մեծ չեն
19/04/2013 20:32

Թանգյան. Սյունիքի մարզում ցրտահարությունից կորուստները մեծ չեն

«Սյունիքի մարզում ցրտահարություն է եղել, սակայն առանձնապես մեծ կորուստներ չկան»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետարանի գյուղվարչության պետ Սամվել Թանգյանը:

Նա հաղորդեց, որ մարզում ծաղկել են ծիրանենիները, կեռասենիները. Հավանական է նաև, որ վնասված լինեն նռնենիներն ու թզենիները. Մարզի բոլոր համայնքներում էլ որոշակի վնասներ կան:

Գյուղացիներին առաջարկվել է դիմել ավանդական մեթոդին, այգիների շրջակայքում ծխակույտեր պատրաստել, որի դեպքում թանձր ծուխը գիշերային ժամերին կարող է որոշ չափով մեղմել օդի բացասական ազդեցությունը ծառերի վրա:

Ս. Թանգյանի փոխանցմամբ` ցորենի և գարու ցանքատարածությունները բացասական ջերմաստիճաններից ոչ միայն չեն տուժել, այլև եղանակային այս իրավիճակը նպաստավոր է հացահատիկային կուլտուրաներին:

Նշենք, որ արդեն երրորդ օրն է` Հայաստանի որոշ տարածաշրջաններում գիշերային ժամերին դիտվում է բացասական ջերմաստիճաններ, տեղումներ` ձյան տեսքով:

Այս գիշեր ևս Հայպետհիդրոմետի կանխատեսմամբ, մասնավորապես Սյունքիի մարզում, սպասվում է մինչև -3 աստիճան: Խորհուրդ է տրվում գիշերային ժամերին, հատկապես 02:00-06:00, ծխահարել այգիները` բերքը ցրտահարումից պաշտպանելու համար:
 

Թանգյան. Սյունիքի մարզում ցրտահարությունից կորուստները մեծ չեն