«Թուրքիան ցավագին է տանում Հայոց ցեղասպանության յուրաքանչյուր ճանաչում»
20/04/2013 16:50

«Թուրքիան ցավագին է տանում Հայոց ցեղասպանության յուրաքանչյուր ճանաչում»

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը խթանելու համար ՀՀ իշխանությունները պետք է շարունակեն ակտիվ աշխատանքները միջազգային հարթակներում լուրջ դերակատարում ունեցող երկրներում, որոնք դեռևս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ցեղասպանության ճանաչման գործընթացը առաջ մղելուն ուղղված ջանքերը»,-Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերին և մեխանիզմներին` ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանը կարող են նպաստել նաև այդ երկրների իշխանական, կառավարող օղակների վրա ազդեցության լծակների ձեռք բերումը, և թուրքագետի կարծիքով, պարտադիր չէ, որ այդ երկրներում ստվար հայկական համայնքներ լինեն:

«Եթե նայենք Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկը, այնտեղ կան երկրներ, որտեղ հայկական համայնքը մեծ ազդեցություն չունի»,-նշեց Ա. Իսպիրյանը:

Նրա խոսքով` պետք է ակտիվորեն աշխատել տարբեր երկրների հասարակական սեկտորի հետ` թերթերի խմբագիրների, գիտնականների, վերլուծական շրջանակների, և հասնել նրան, որ օտարազգի այդ շրջանակներն իրենց հրապարակներում անդրադառնան Հայոց ցեղասպանությանը և դատապարտեն մարդկության դեմ գործած այդ հանցագործությունը:

«Օտարելեզու գրականության, տեղեկատվական դաշտում պետք է տեղ գտնեն տեղեկությունները Հայոց ցեղասպանության մասին և այդ երկրներում մեծ կշիռ ունեցող հասարակական-քաղաքական գործիչները պետք է հանդես գան դատապարտող հայտարարություններով ու կոչերով»,-ասաց բանախոսը:

Ըստ նրա, երբ ինչ որ նահանգ, շրջան ընդունում է Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան դա ընդունում է շատ ցավագին և այդ երկրում մեծ արձագանք է լինում:

Ա. Իսպիրյանը նշեց, որ պետք է մշակել նաև իրավական մեծ փաթեթ, որտեղ տեղ կգտնեն իրավական փաստեր Հայոց ցեղասպանության մասին:

«Պետք է տարբեր երկրներում դատարանների օգնությամբ հասնել Հայոց ցեղասպանության իրավական դատապարտմանը: Այդ փորձը կա ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում»,-հավելեց բանախոսը:
 

«Թուրքիան ցավագին է տանում Հայոց ցեղասպանության յուրաքանչյուր ճանաչում»