Քարոզարշավի եկած դաշնակցական գործիչների վրա ջուր են լցրել
20/04/2013 18:45

Քարոզարշավի եկած դաշնակցական գործիչների վրա ջուր են լցրել

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում այսօր ՀՅԴ ներկայացուցիչներ Արծվիկ Մինասյանը և Աղվան Վարդանյանը հանդիպեցին Հերացի փողոցի 20 և 22 շենքերի բնակիչների հետ: Հավանաբար անձրևային եղանակի պատճառով դաշնակցական գործիչների հետ հանդիպմանը բավականին քիչ մարդ էր հավաքվել: Անձրև քիչ էր, բարձրահարկ շենքի բնակիչներից մեկն էլ պատուհանից ջուր թափեց հավաքվածների վրա:

Դաշնակցական Արծվիկ Մինասյանի խոսքով` տեսանելի են քաղաքային բազմաթիվ խնդիրներ, որոնք բերում են ապագայի նկատմամբ հավատի կորստի: Ըստ նրա` պետք է գործարկվի տեղական հանրաքվեի ինստիտուտը:

Դաշնակցկան քաղաքապետը, ըստ Մինասյանի, Երևանում աշխատատեղեր կստեղծի, կստանձնի այդ պատասխանատվությունը և ներդրումային ծրագրերը կուղղի դրան:

Այս ծրագրերն իրականացնելու համար Մինասյանը հայցեց երևանցու աջակցությունը. «Ոչ ոք թող չմտածի, որ Դաշնակցությունն այնքան ուժեղ է, որ առանց իր քվեի կարող է յոլա գնալ»,- դիմեց նա հավաքվածներին:

Տնտեսագետ Մինասյանը նույնիսկ հաշվարկներ է արել, որոնց համաձայն` Երևանի բյուջեի մուտքերը կարելի է հասցնել 400 մլրդ դրամի: Նրա խոսքով` Երևան քաղաքի 2012-ի բյուջեն չի կատարվել. «Կառավարությունը չի ուզում խոսել այդ մասին: Նրանք ինչ-որ բան սխալ են հաշվարկել կամ զբաղվել են հովանավորչությամբ»,- եզրակացրեց նա:

ՀՅԴ ցուցակի երկրորդ հորիզոնականում գտնվող Աղվան Վարդանայանը նշեց, որ իրենց համար Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական գործընթաց են: Նա ասաց, որ ստեղծվել է շատ հարմար պահ, որը կարելի է օգտագործել և Երևանում ունենալ ընդդիմադիր քաղաքապետ. «Մեր պրոբլեմների պատճառն այն է, որ մի կուսակցություն տիրում է ամբողջ իշխանությանը: Չի կարող մի կուսակցություն ունենալ այքան ցածր վարկանիշ և տիրել ամբողջ իշխանությանը»,- եզրափակեց նա:
 

Քարոզարշավի եկած դաշնակցական գործիչների վրա ջուր են լցրել