.jpg)
Ո՞վքեր են մարաթոնը պայթեցրած Ցարնաև եղբայրները. Անձնական լուսանկարներ
Թամերլան և Ջոհար Ցարնաևները ծագումով Չեչնիայից են: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, դեռ տարիներ առաջ նրանց ընտանիքը տեղափոխվել է ՌԴ, իսկ երիտասարդները մեկնել են ԱՄՆ` ուսման նպատակով:
26-ամյա ավագ եղբայր Թամերլան Ցարնաևը զբաղվում էր բոքսով, իսկ 19-ամյա Ջոհարը ապագա բժիշկ է:



Բոստոնում եղբայրները վաղուց էին բնակվում: Ավագ եղբայրն անգամ հասցրել էր ընտանիք կազմել այստեղ: Նրա կինը զտարյուն ամերիկուհի էր, ով Թամերլանի հետ ամուսնանալու համար ընդունել էր իսլամ: Այս մասին գրում է DailyMail-ը: Ըստ պարբերականի տվյալների` վերջին ամիսներին Թամերլանը աչքի էր ընկնում իսլամական գաղափարների տարածմամբ.
«Այո, ես իմացել եմ, որ տղաս վերջերս խորացել է կրոնի մեջ, բայց ջիհադի մասին խոսք լինել չի կարող»,- ամերիկյան պարբերականներին ասել է Ցարնաևների մայրը:
Կրտսեր Ցարնաևը` Ջոհարը, իր ընկերենրի խոսքով սովորական երիտասարդ էր: Սիրում էր մասնակցել հավաքույթների, գրանցված էր սոցիալական ցանցերում:


Ջոհարը հատկապես ակտիվ էր Vkontakte.ru ռուսական սոցիալական ցանցում և Twitter-ում:
Ջոհարի Vkontakte.ru-ի էջում տեսնում ենք, որ նա իր վերջին գրառումը կատարել է մարտի 19-ին: Ընդ որում գրառումը անեկդոտի տեսքով է.
«Դպրոցում հանելուկ են հանձնարարում` մեքենայի մեջ նստած են դաղստանցին, չեչենն ու ինգուշը. Հարց` ով է վարում մեքենան: Պատասխան`… ոստիկանությունը»:

Հետաքրքիր է, որ ոստիկանությունից DailyMail-ին հաղորդել են, որ Ցարնաև կրտսերը` Ջոհարը, Բոստոնյան պայթյունի երեկոյան ընկերների հետ հավաքույթի է մասնակցել:


Իսկ իր Twitter-ում պայթյունի օրը, կիսվել է մեկ այլ օգտատիրոջ գրառմամբ. «Այո, Բոսթոնի մարաթոնը ամենահարմար տեղը չէր ծխելու համար»,- ասվում է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ տեղի իրավապահների գործողությունների հետևանքով Թամերլան Ցարնաևը սպանվել է փոխհրաձգության ժամանակ, իսկ Ջոհարը բավական ժամանակ թաքնվել է Բոստոնի արվարձան Վոթերթաունում, որից հետո հայտնաբերվել է իրավապահների կողմից:


Ձերբակալության ընթացքում նա վիրավորվել է վզի և ոտքի շրջանում: Այժմ նա հիվանդանոցում է: Ջոհար Ցարնաևի վիճակը գնահատվում է ծանր:
