.jpg)
«Քաշաթաղի եկեղեցիները շրջանի հայկական լինելու լավագույն վավերագրերն են»
«Մենք գերխնդիր ունենք մեր ապագա սերունդներին փոխանցել ապահով ու հուսալի խաղաղություն: Իսկ դրա երաշխիքը Արցախի համաչափ զարգացումն է և այդ համատեքստում Շահումյանի, Քաշաթաղի և Հադրութի շրջանի սահմանամերձ հատվածի զարգացումը»,- այսօր, անդրադառնալով Արցախի անվտանգության խնդիրներին, լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրապ Ըռքոյանը, ով անդրադարձավ տեղում առկա տրամադրություններին և մասնավորապես նշեց. «Շատ է պատահում, երբ ընկերներ են զանգում և ասում` հողերը հե՞տ են տալիս, ի՞նչ են որոշում: Ասեմ, որ նման բան մեր շրջանում չենք զգում` սկսած Արաքսից մինչը Օմար: Բնակիչները շատ նորմալ կյանքով են ապրում, ստեղծագործում են: Մեր հարավային թևում, երբ գնում ենք, հազարավոր հեկտարներով այգիներ են տնկել, մոտ 20 հազար հեկտար ցորեն և գարի աշնանացան է արվել»:
Նա նաև կարևորեց մշակութային հուշարձանների խնդիրը, որոնց, ըստ բանախոսի, բավարար ուշադրություն չի դարձվում: Նա նշեց, որ շրջանում մոտ 30 կանգուն ու կիսավեր եկեղեցիներ կան. «Այսօր Հայաստանում կամ այլ տեղերում եկեղեցիներ են կառուցում, ասենք Էջմիածնի Մայր տաճարի մոտ նոր եկեղեցի են կառուցում, չգիտեմ ինչի համար, բայց մեր տարածքի այդ պատմական հուշարձանների հետ կապված, որը տարածքը հայկական լինելու ամենալավ վավերագիրն է, ոչինչ չի արվում: Հազար անգամ դիմել ենք, որ գոնե ամրացնեն, բայց ոչինչ չի արվել»:
Իր հերթին, անդրադառնալով Քաշաթաղի վերաբնակեցման խնդիրներին, Քաշաթաղի շրջանի ղեկավարի տեղակալ Արտյուշ Մխիթարյանը նշեց, որ նոր բնակիչներին վարկեր են տրամադրվում, ինչպես նաև հողակտորներ ու բնակարան է հատկացվում` ըստ հնարավորության:
«Քաշաթաղը բարենպաստ բնական պայմաններ ունի: Այնտեղ ներկայումս կա 20 000 հեկտար ցորենի ցանքատարածություն, որը շատ կարևոր է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի պարենային անվտանգության տեսանկյունից»,- հավելեց բանախոսը:
Նրա խոսքով` «Հսկայական պոտենցիալ ունենք նաև անասնապահության զարգացման համար: 2009-2013 թվականների ընթացքում 7000 գլուխ խոշոր եղջերավոր անասունից հասել ենք շուրջ 13 000-ի, 2.3 անգամ ավելացել է մանր եղջերավոր անասունների և խոզերի գլխաքանակի ցուցանիշը»: Միևնույն ժամանակ, Ա. Մխիթարյանն ասաց, որ այդուհանդերձ, անասնապահությունը զարգացնելու տասնապատիկ հնարավորություններ կան: