Կանանց և տղամարդկանց անպտղություն. Պատճառներ
20/04/2013 19:30

Կանանց և տղամարդկանց անպտղություն. Պատճառներ

Անպտղությունը հիվանդություն չէ, սակայն հաճախ դառնում է ամուսնալուծության, նաև նոր զուգընկեր կամ զուգընկերուհի որոնելու պատճառ:

Անպտուղ ամուսնությունը կարևոր հիմնախնդիր է սոցիալական և բժշկական առումներով: Յուրաքանչյուր չորրորդ դեպքում անպտղությունը ամուսնալուծության պատճառ է դառնում:

Անպտուղ կոչվում է այն ամուսնությունը, երբ առանց հակաբեղմնավորիչ միջոցների կիրառման հղիություն չի առաջանում կանոնավոր սեռական կյանքի առաջին տարում: Հիմա արդեն հաստատված է, որ անպտղության համար հավասարապես կարող է մեղավոր լինել թե' կինը, թե' տղամարդը: Անպտղությանը կարող են հանգեցնել մի շարք հիվանդություններ կամ վիճակներ:

Տղամարդկանց ամլությունը լինում է առաջնային և երկրորդային: Առաջնային անպտղությունը, երբ առկա է բեղմնավորման անկարողունակությունը, առնչվում է սերմի (սպերմա) ախտաբանական փոփոխությունների հետ, պայմանավորված է սպերմատոզոիդների ոչ բավարար քանակությամբ և շարժունակության պակասով, երբեմն էլ դրանց լրիվ բացակայությամբ: Պատճառները բազմազան են, բայց դրանցից առավել վտանգավոր են հորմոնային խանգարումները, քրոնիկական թունավորումները, այսպես կոչված' մասնագիտական վնասակարությունները, զարգացման բնածին արատները: 

Երկրորդային անպտղությունը, որպես օրենք, սեռական օրգանների հիվանդությունների (ամորձիների, շագանակագեղձի բորբոքում), այդ թվում նաև պարօտիտ (խոզուկ), թոքախտ, բրուցելոզ առաջացնող վարակների, ինչպես նաև վնասվածքների հետևանք է: Սակայն ավելի հաճախ պատճառը սեռավարակներն են' գգոնոռեա (սուսանակ), տրիխոմոնիազ, խլամիդիոզ, ուրեապլազմոզ, միկոպլազմոզ: 

Գոյություն ունեն առաջին հայացքից աննշան թվացող երևույթներ, որոնք իրենց հետ հեռուն գգնացող հետևանքներ են բերում: Օրինակ' ոչ ճիշտ ընտրված և շատ կիպ հագուստը, որը կարող է ամորձիների գերտաքացում առաջացնել' դրանով իսկ հետագայում հանգեցնելով տղամարդու անպտղության:

Տարբեր են նաև կանանց անպտղության պատճառները, որոնք նույնպես լինում են առաջնային և երկրորդային: Առաջնային անպտղության գգլխավոր պատճառները զարգացման բնածին արատներն են, ձվարանի թերֆունկցիան կամ բացակայությունը, նյարդահոգեկան և հորմանային խանգարումները: Հաճախ չհղիանալու պատճառ են հանդիսանում ներքին սեռական օրգանների բորբոքային երևույթները, այդ թվում' զանազան սեռավարակները, որոնցով էլ պայմանավորվում է երկրորդային անպտղությունը: 

Անպտղության առավել տարածված պատճառներից է արհեստական վիժումը (աբորտ): Նույնիսկ եթե արհեստական վիժումը բորբոքում չի առաջացրել, նրա ազդեցությունն օրգանիզմի վրա, այնուամենայնիվ, բացասական է, քանի որ խախտվում է դաշտանային ցիկլի տևողությունը:

Կանանց և տղամարդկանց անպտղություն. Պատճառներ