Խորհուրդներ. Մաշկի խնամք
20/04/2013 20:12

Խորհուրդներ. Մաշկի խնամք

Մարմնի մաշկի խնամքը ներառում է մաշկի մաքրում, շերտազատում, խոնավեցում, սնուցում, ինչպես նաև մերսում և ֆիզիկական վարժություններ: Քանի որ մարմնի մաշկն ավելի հաստ է, ապա նրա խնամքի համար պետք է օգտագործել քսուկներ՝ նախատեսված հենց մարմնի համար: Դեմքի խնամքի միջոցներն անհրաժեշտ արդյունք չեն տա:

Գեղեցիկ մարմին ունենալու համար առավոտը սկսեք ֆիզիկական վարժանքներով: Դրանք ակտիվացնում են արյան շրջանառությունը մազանոթներում, մաշկն ավելի լավ է սնուցվում, իսկ դա նշանակում է, որ ավելի երկար է պահպանվում երիտասարդությունը:

Առավոտյան մարմնամարզությունից հետո անհրաժեշտ է ցնցուղ ընդունել:  Եթե ձեր մաշկը նորմալ կամ յուղոտ է, օգտագործեք օճառ կամ մարմնի գել: Շատ չոր մաշկի դեպքում խորհուրդ է տրվում օգտվել մանկական օճառներից կամ մաշկը տրորել հատուկ յուղերով և կրեմներով: Մաշկի մաքրման համար լավ տարբերակ է միջին ջերմաստիճանի ցնցուղը: Հոգնածությունը հանելու և թարմանալու համար ընդունում են սառը կամ կոնտրաստ ցնցուղ(սկսում են տաք, ավարտում սառը ջրով): Պետք է խուսափել շատ տաք ջրով լոգանքներից, տաք ջուրը խիստ չորացնում է մաշկը: Ցնցուղ ընդունելիս բավական արդյունավետ է մարմինը տրորել խավոտ ձեռնոցով, սպունգով կամ խոզանակով՝ ոտքի մատներից շրջանաձև շարժումներով բարձրանալով վեր, դա ակտիվացնում է նյութափոխանակությունը, շերտազատում է մաշկի եղջերացող բջիջները:

Շատ արդյունավետ են եթերային յուղերով լոգանքները, դրանք խնամում են ոչ միայն մաշկը, այլև ազդում են ողջ օրգանիզմի վրա: Լայն օգտագործում են գտել նաև աղաջրով լոգանքները: Դրանք լավ հանգստացնում են ՝ պահպանելով մաշկի տոնուսը:

Մաշկը լավ վիճակում պահելու համար անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել նրա խորը մաքրում-պիլինգ: Դա նպաստում է եղջերացող շերտի հեռացմանը, ակտիվացնում է բջիջների թարմացման գործընթացը, հեշտացնում է խոնավեցնող և սնուցող միջոցների ներթափանցումը , հարթեցնում է մաշկը : Քանի որ մարմնի մաշկն ավելի հաստ է, քան դեմքինը, այն պահանջում է ավելի ուժեղ մաքրում: Ուստի մարմնի սկրաբերն ավելի մեծ հատիկներ են պարունակում, քան դեմքինը: Չոր մաշկի խորը մաքրումն իրականացվում է շաբաթական մեկ անգամ, իսկ յուղոտ մաշկինը՝ երկուսից երեք:

Ամեն օր ցնցուղից, լոգանքից, առավել ևս պիլինգից հետո մաշկին պետք է քսել  ձեզ համապատասխան խոնավեցնող և սնուցող միջոցը, որն ընտրվում է՝ ելնելով Ձեր մաշկի տեսակից: 

Խորհուրդներ. Մաշկի խնամք