.jpg)
Տնտեսագետ. Պետք է օպտիմալացնենք այն օղակները, որտեղ միայն շարիկ են գլորում
Եթե մենք ունենանք տնտեսական զարգացում, մրցունակության բարձրացում, բնականաբար, կունենանք նոր աշխատատեղեր և բարեկեցիկ կյանքով ապրող բնակչություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
Տնտեսագետն ավելացրեց, որ իր ղեկավարած կենտրոնն արդեն մշակել է տնտեսության զարգացման ռազմավարություն, որտեղ ներկայացված են մինչև 2025թ-ը տնտեսության մեջ իրականացվող բարեփոխումների գլծավոր ուղղությունները։
«Ռազմավարությունը կազմելիս առաջին հերթին ուշադրություն ենք դարձրել զբաղվածության ավելացմանը»,- ասաց տնտեսագետը:
Մանասերյանը նշեց, որ թեև միշտ քննադատել է ՀՀ Կառավարության գործունեությունը, բայց վերոնշյալ ռազմավարությունը մշակվել է համատեղ ջանքերով.
«Եթե մի կողմ քաշվենք և տեսնենք, որ Կառավարության կազմում փոփոխություններ չեն լինում և սպասենք ևս 5 տարի ու թշնամական վերաբերենք այն քայլերին, որոնք արվում են, դա ևս իրատեսական չէ»,- բացատրեց տնտեսագետը:
Նրա խոսքով` եթե իրեն ու իր գործընկերենրին հնարավորություն տան նման ոլորտ ղեկավարել, ապա ամենահամեստ հաշվարկներով Հայաստանի արտահանումը մեկ տարվա ընթացքում կկրկնապատկվի:
Թաթուլ Մանասերյանն ունի նաև սրան հասնելու համար հստակ ծրագիր.
«Ես Կառավարությանն առաջարկում եմ ստեղծել արտաքին առևտրի կառույց: Օպտիմալացնենք այն օղակները, որտեղ միայն շարիկ են գլորում ու փոքրաթիվ մարդկանցով մեծ հաջողություններ գրանցենք»,- ասաց Թաթուլ Մանասերյանը: