.jpg)
Տիգրան Քոչարյան. Facebook-ում կա 80-100 հազար կեղծ օգտատեր
Այսօր Facebook սոցիալական ցանցում գրանցված է 80-100 հազար կեղծ` fake օգտատեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը` ավելացնելով, որ ընդհանուր առմամբ այս սոցիալական ցանցի հայաստանցի օգտատերերի թիվը հասնում է 400 հազարի:
«Վերջին նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքական կուսակցությունները ևս գրանցվեցին Facebook-ում ու որոշակի ակտիվություն սկսեցին դրսևորել»,- ասաց Տիգրան Քոչարյանը:
Տ. Քոչարյանի խոսքով` սոցիալական ցանցում հատկապես ակտիվ են ՀՀԿ-ն ու «Ժառանգությունը»: Իրենց ակտիվությամբ այս երկու ուժերին հաջորդում են ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ավագանու ընտրություններին ընդառաջ ակտիվացել է նաև ՕԵԿ-ը:
Ըստ փորձագետի` մեր հասարակությունը գնալով ավելի է թվայնացվում.
«Մի օրինակ`ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին կար մոտավորապես 15 հազար մարդ: Մինչդեռ հանրահավաքի ուղիղ եթերին հետևում էր մոտ 18 հազար մարդ: Սա վկայում է այն մասին, որ մարդիկ այսօր ավելի շատ նախընտրում են դիտել, կարդալ, մեկնաբանել, քան` մասնակից լինել իրադարձությանը»,- ասաց Տիգրան Քոչարյանը` ավելացնելով, որ այսօր ֆեյսբուքյան այս կամ այն ցուցանիշին, այնուամենայնիվ, պետք չէ լուրջ վերաբերվել.
«Facebook-ը չի արտահայտում Հայաստանի ողջ բնակչության կարծիքը: Կան գյուղեր, որոնց բնակիչները չեն օգտվում այս սոցիալական ցանցից»: