ՕԵԿ. Ի՞նչ ունեցվածք ունեն ՕԵԿ-ական քաղաքապետացուները
21/04/2013 22:30

ՕԵԿ. Ի՞նչ ունեցվածք ունեն ՕԵԿ-ական քաղաքապետացուները

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին «Օրինաց երկիր» ընտրական ցուցակը գլխավորող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ներկայումս՝ նախարարի պաշտոնակատար, գեներալ-մայոր, ՕԵԿ փոխնախագահ, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 52-ամյա Արմեն Երիցյանը մեկական միավոր անշարժ և շարժական գույքի միանձնյա սեփականատեր է: Նա ունի դրամական միջոցներ և աշխատավարձից ու կենսաթոշակից գոյացած եկամուտներ: Թանկարժեք գույք, արժեթղթեր կամ այլ ներդրումներ չունի:

2012 թ.-ի մարտի 1-ից մինչև 2013 թ.-ի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածի համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրում Երևանի Դավիթ Բեկի թաղամասում բնակվող և հաշվառված Ա.Երիցյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է Ավետիսյան 15 շենքում 56 ք.մ մակերեսով բնակարան, իսկ որպես շարժական գույք՝ 2004թ.-ի արտադրության «Վռանգլեր-ՋԻՊ» ավտոմեքենա:

Ա.Երիցյանի եկամուտները գոյացել են ԱԻՆ-ից ստացած 3 մլն 817 հազար 616 դրամ աշխատավարձից և ՀՀ ոստիկանությունից ստացած 3 մլն 401 հազար 604 դրամ կենսաթոշակից:

Ա.Երիցյանը հայտարարագրել է 34 մլն դրամի չափով դրամական միջոցներ:

ԿԸՀ-ից «Փաստինֆոյին»ն տրամադրված հայտարարագրերի համաձայն՝ ՕԵԿ-ի ընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Օրինաց երկիր» կուսակցության վարչության անդամ, ներկայումս ոչ մի տեղ չաշխատող, 45-ամյա Հովհաննես Շահինյանը հանդիսանում է Երևանի Վաղարշյան փողոցում և Հյուսիսային ճառագայթում 57 ք.մ և 220 ք.մ մակերեսներով մեկական բնակարանների սեփականատեր: Նա հայտարարագրել է նաև 100 հազար ԱՄՆ դոլար արժեքով թանկարժեք գույք:

Հ.Շահինյանը շարժական գույք, եկամուտներ, դրամական միջոցներ, արժեթղթեր և այլ ներդրումներ չունի:

ՕԵԿ-ի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Երևանի թիվ 185 դպրոցի ուսուցչուհի, գրականագետ, բանաստեղծուհի, «Օրինաց երկիր» կուսակցության վարչության անդամ Սոֆյա Արթենյանը հայտարարագրել է իրեն սեփականության իրավունքով պատկանող տնամերձ Արմավիրի մարզի Պտղունք համայնքում՝ 900 ք.մ մակերեսով:

Ս.Արթենյանը շարժական և թանկարժեք գույք, դրամական միջոցներ, արժեթղթեր և այլ ներդրումներ չունի: Նրա միակ եկամուտը 756 հազար դրամ աշխատավարձն է: 

ՕԵԿ. Ի՞նչ ունեցվածք ունեն ՕԵԿ-ական քաղաքապետացուները