Զիդան. Ֆուտբոլի հանճարը
21/04/2013 23:15

Զիդան. Ֆուտբոլի հանճարը

Այս շաբաթ allsport.am-ի դեմքը Զինեդին Զիդանն է:

Զինեդին Զիդանը եղել է 2 տարեկան, երբ իր ընտանիքը Ալժիրից գաղթել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, ապա բնակություն հաստատել Մարսել քաղաքում։ Յազիդը ընտանիքում հինգերորդ երեխան էր` քույր Լիլայից և եղբայրներ Ջամելից, Ֆարիդից ու Նորդինից հետո։ Հետաքրքիր է, որ սկզբնական շրջանում Զիզուն հաճախում էր ձյուդոյի, հեծանվավազքի, սակայն վերջնական արդյունքում ընտրեց ֆուտբոլը։ Շատ երեխաների պես, նա էլ իր հիմնական ժամանակը անցկացնում էր փողոցում ֆուտբոլ խաղալով։ Այդ առիթով Զինեդինի մայրը բողոքում էր, որ իր որդին դպրոցից տուն գալուն պես վերցնում էր գնդակն ու գնում ֆուտբոլ խաղալու, իսկ երբ, այնուամենայնիվ, գալիս էր տուն, խաղը շարունակվում էր հենց այնտեղ։ Ընտանիքի համար շատ դժվար էր, քանի որ աշխատում էր միայն հայրը, իսկ այդպիսով պահել բազմամարդ ընտանիքը, բարդ խնդիր էր։ Մի օր Զիզուի հոր հետ հանդիպեց «Կանն» ֆուտբոլային ակումբի մարզիչներից մեկը, որը ցանկություն հայտնեց Յազիդին ընդգրկել իր ֆուտբոլային դպրոց։ Հայրը համաձայնվեց։

«Կաննի» սելեկցիոներներից մեկը` Ժան Վարրոն, 14-ամյա Զիդանի հետ կնքեց նրա առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Դա տեղի ունեցավ 1987թ.։ Արդեն 16 տարեկան հասակում Զիզուն իր նորամուտը նշեց «Կաննի» հիմնական թիմի կազմում, երբ 15 րոպե անցկացրեց խաղադաշտում Ֆրանսիայի առաջին լիգայի խաղերից մեկում։ Այնուհետև նա հսկայական առաջընթաց ունեցավ իր կարիերայում, քանի որ հիանալի ֆուտբոլ էր ցուցադրում։ Այդ ժամանակահատվածում նա սկսեց հրավիրվել Ֆրանսիայի պատանեկան հավաքականներ։ Նրան գովաբանում էր ինչպես «Կաննի» գլխավոր մարզիչ Գի Լյակոմբը, այնպես էլ Ժիլ Ռամպիլիոնը, որը ասում էր, թե «Զիդանը քիչ է խոսում, բայց շատ է կատարում»։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլում նա իր դեբյուտը նշեց 1989 թ. մայիսի 20-ին, «Նանտի» հետ խաղում։ Զինեդինը նույնիսկ գոլի հեղինակ դառնալու հիանալի հնարավորություն ուներ, սակայն նրա հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից։ Այդ հանդիպմանը մասնակցելու համար նա ստացավ 6000 ֆրանկ։ Իսկ Յազիդի առաջին գոլը ֆրանսիական առաջին լիգայում գրանցվեց 1991 թ. փետրվարի 8-ին ու այստեղ նորից հիշատակվում է «Նանտի» անունը։ 1992 թ. «Կաննը» լքեց ուժեղագույնների մրցաշարը, իսկ Զիդանն էլ չցանկանալով հանդես գալ ավելի ցածր խաղամակարդակ ունեցող մրցաշարում, հեռացավ թիմից։

Հենց այդ տարի էլ «Բորդոյի» գլխավոր մարզիչ Ռոլլան Կուրբիսի հրավերով Զիդանը տեղափոխվեց այդ թիմ։ Ժիրոնդական թիմի կազմում իր առաջին իսկ մրցաշրջանում նա խփած 10 գոլով դարձավ թիմի գլխավոր ռմբարկուն: Իսկ ընդհանուր առմամբ Զիզուն «Բորդոյի» կազմում խաղաց 4 տարի և այդ ընթացքում մասնակցեց 139 խաղի ու դարձավ 28 գոլի հեղինակ։

1996 թ. Զիդանը տեղափոխվեց եվրոպական գրանդ ակումբներից մեկը` Թուրինի «Յուվենտուս»:

 

1996 թ. Զիդանը տեղափոխվեց եվրոպական գրանդ ակումբներից մեկը' Թուրինի «Յուվենտուս»։ Հենց այստեղ էլ նա գրանցեց իր կարիերայի գլխավոր նվաճումները։ Արդեն 1997-1998 թ. Յազիդը իր թիմի հետ հռչակվեց Իտալիայի չեմպիոն, ապա նաև Ապենինյան թերակղզու սուպերգավաթակիր։ Իսկ խաղաշրջանի վերջում նա նվաճեց «Ոսկե Գնդակ» մրցանակը ու ՖԻՖԱ-ի վարկածով էլ դարձավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։

Այդքան հաջողություններից հետո Զիզուն դարձել էր թիմի առաջատարներից մեկը և շատ անսպասելի էր, երբ հայտնի դարձավ, որ նա պայմանագրի ավարտով պայմանավորված տեղափոխվում է Մադրիդի «Ռեալ»:

Զինեդին Զիդանը «արքայական ակումբ» տեղափոխվեց 2001թ. ռեկորդային 75մլն. եվրո գումարով։ Նա դարձավ «Գալակտիկոս» կոչվող թիմի անդամներից մեկը` Ռոնալդոյի, Ռոբերտո Կառլոսի, Ռաուլի, Դևիդ Բեքհեմի ու Լուիշ Ֆիգույի հետ միասին։ Զիզուն այստեղ նույնպես աչքի էր ընկնում իր կառուցողական խաղով։ Այդ մրցաշրջանում «Գալակտիկոսը» դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող, իսկ ահա եզրափակիչում Կառլոսի փոխանցումից հետո «Բայերի» դարպասը գրավեց հենց Զինեդին Զիդանը ու այդ գոլը շատերի կարծիքով համարվում է ֆուտբոլի պատմության մեջ ամենագեղեցիկ գոլերից մեկը։

Իսկ արդեն 2002-2003թթ. Իսպանիայի առաջնությունում «բլանկոսները» վերադարձրեցին Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։ 
Թեպետ այդ շրջանի «Ռեալի» աստղաբույլից դժվար է որևէ մեկին առանձնացնել, սակայն ֆրանսիացին իր վարպետությամբ և տաղանդով թանկագին հուշեր ու ակնթարթներ է թողել ակումբի պատմության մեջ և մադրիդիստների սրտերում:



1994 թ. օգոստոսի 17-ին Զինեդին Զիդանը առաջին անգամ հրավիրվեց Ֆրանսիայի ազգային հավաքական' մասնակցելու Չեխիայի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը։ Ֆրանսիացիները պարտվում էին 0-2 հաշվով, երբ Էմե Ժակեն որոշեց խաղադաշտ դուրս բերել այդ ժամանակ «Բորդոյում» հանդես եկող 22-ամյա Զիդանին։ Վերջինս ֆանտաստիկ ձևով ներգրավվեց հանդիպմանը ու 80 և 82-րդ րոպեներին 2 անգամ գրավելով չեխերի դարպասը` փրկեց իր թիմին պարտությունից։ 1998թ. Ֆրանսիայում կայացած աշխարհի առաջնությունում հաղթեցին հենց տանտերերը, իսկ եզրափակիչում նրանք 3-0 հաշվով առավելության հասան Բրազիլիայի հավաքականի նկատմամբ ու այդ գոլերից երկուսը հեղինակեց արմատներով ալժիրցի այս ֆուտբոլիստը։

2000 թ. եվրոպայի առաջնությունը նույնպես ավարտվեց «եռագույնների» հաղթանակով ու այդ մրցաշարում իրեն իսկական առաջատարի ունակություններով դրսևորեց Զիզուն։ Բացի այդ, նա դարձավ 2 գոլի հեղինակ'մեկական անգամ գրավելով իսպանացիների ու կիսաեզրափակիչում «ոսկե» գոլ պորտուգալացիների դարպասը։ Փոխարենը նրանց համար անչափ անհաջող դասավորվեց 2002թ. աշխարհի առաջնությունը, քանի որ ֆրանսիացիները պայքարը թողեցին դեռ խմբային փուլից ու ընդհանուր առմամբ կրեցին 2 պարտություն, մեկ անգամ էլ խաղն ավարտեցին ոչ-ոքի։ Ինչ վերաբերում է Զիդանին, ապա նա առաջին 2 հանդիպումները բաց թողեց վնասվածքի պատճառով, իսկ վերջին խաղում արդեն անկարող էր փրկել իր թիմին։ 2004 թ.«հին աշխարհամասի» առաջնությունում Ֆրանսիայի հավաքականը խմբային փուլում վաստակեց 7 միավոր ու խմբից դուրս եկավ առաջին տեղով։ Սակայն 1/4 եզրափակիչ փուլում պարտվեցին մրցաշարի ապագա հաղթողներին` հույներին։ Զիզուն մասնակցեց բոլոր հանդիպումներին, իսկ անգլիացիների հետ խաղում ձևակերպեց դուբլ, նաև գոլի հեղինակ դարձավ Շվեյցարիայի ընտրանու հետ խաղում։



2006 թ. աշխարհի առաջնությունը դարձավ Զիդանի մասնակցած վերջին մրցաշարը։ Այդտեղ նա հանդիսանում էր թիմի ավագը ու բնականաբար մասնակցում էր բոլոր հանդիպումներին, միայն բացառություն կազմեց Տոգոյի հետ խաղը, որը բաց թողեց որակազրկման պատճառով։ Ֆրանսիացիները վստահ քայլերով հասան եզրափակիչ, որտեղ մրցակիցը Իտալիայի հավաքականն էր։ Զինեդին Զիդանի անվրեպ իրացրած 11-մետրանոցի օգնությամբ հաշիվը բացեցին «եռագույնները», սակայն «սկուադրա աձուրան» Մարկո Մատերացցիի դիպուկ հարվածի շնորհիվ վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Վերջնամասում հենց այս երկու ֆուտբոլիստներն էլ հայտնվեցին ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում։ Խաղի ընթացքում Զիդանն ու Մատերացցին իրար մոտ գտնվելով վազում էին ու հանկարծ Մարկոն ինչ-որ բան շշնջաց Զիզուին, որն էլ շրջվեց ու գլխով հարվածելով իտալացու կրծքավանդակին'նրան տապալեց գետնին։ Մրցավարն էլ ֆրանսիացուն անմիջապես հեռացրեց խաղադաշտից։

Արդյունքում բարոյալքված Ֆրանսիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պարտություն կրեց Իտալիայի ընտրանուց։

Ահա այսպես ավարտվեց այնպիսի ֆուտբոլային հանճարի կարիերան, ինչպիսին Զինեդին Զիդանն էր։ Իհարկե, հետագայում շատ քննարկվեց այդ դրվագը, իսկ անձամբ նա նշեց, որ այդտեղ Մատերացցին սադրել է իրեն` վիրավորելով ընտանիքին ու դրա համար էլ չկարողանալով իրեն զսպել, նա հարվածեց իտալացուն։ Զիզուն զղջաց իր թույլ տված սխալի համար, քանի որ տաք գլխով սխալ որոշում էր կայացրել, սակայն ժամանակը այլևս հետ չես բերի։ Հիմա արդեն նշվում է, որ այդ երկու ֆուտբոլիստները հաշտվել են միմյանց հետ։

Անկախ ամեն ինչից, Զիզուն իր անունը ոսկե տառերով է գրել համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ:

Զիդան. Ֆուտբոլի հանճարը