.jpg)
ԱՄՆ կրկնապատկելու է Սիրիայի ընդդիմությանը հատկացվող օգնության չափը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կրկնապատկելու է Սիրիայի ընդդիմությանը հատկացվող օգնության չափը՝ այն հասցնելով 250 միլիոն դոլարի, ինչպես նաև մեծացնելու է ոչ մարտական զենքերի մատարարարման ծավալները: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում կատարելով France Presse-ին:
Քերին այս մասին հայտարարել էր ապրիլի 20-ին Ստամբուլում կայացած «Սիրիայի ընկերների» հանդիպման ժամանակ: Նա պարզաբանել է, որ Սիրիայի ընդդիմությանը մատակարարվելու է ոչ միայն սննդամթերք և դեղորայք, այլև նաև ուրիշ իրեր, սակայն չի մանրամասնել, թե ինչ: Քերին ավելացրել է, որ այդ մթերքների կազմը որոշվելու է Սիրիայի ընդդիմության գերագույն ռազմական խորհրդի ղեկավարների հետ համագործակցության ժամանակ:
Միևնույն ժամանակ ամերիկյան մամուլը գրել էր, որ Վաշինգտոնը մտադիր է սիրիացի ապստամբներին զինել զրահապատ բաճկոններով, զրահամեքենաներով, գիշերային տեսնելիության սարքերով և կապի միջոցներով: Ընդդիմությունը խնդրել էր իրեն զենք տրամադրել, սակայն մերժվել էր:
«Այս հակամարտությունը դուրս է գալիս սահմաններից և սպառնում է հարևան երկրներին: Արյունահեղությունը պետք է դադարեցվի»,- հայտարարել է Քերին՝ ավելացնելով, որ եկել է վճռորոշ պահը:
ԱՄն պետքարտուղարը կոչ է արել այն երկրներին, որոնք օգնում են Սիրիայի ընդդիմությանը, իրենց ներդրումը կատարել, որպեսզի օգնության ընդհանուր ծավալը հասնի մեկ միլիարդ դոլարի:
Քերին խոստացել է նաև 25 միլիոն դոլար հատկացնել Սիրիայի խաղաղ բնակիչներին և Հորդանանում սիրիացի փախստականներին պարենով ապահովելու համար: Այն իրականացնելու է ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագիրը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ր արդեն 385 միլիոն դոլար օգնություն հատկացրել է Թուրքիայում, Իրաքում, Հորդանանում և Լիբանանում ապաստան գտած սիրիացի փասխտականններին: