ՈՒԵՖԱ-ի արտոնագիր ստացան 8 ակումբներից 6-ը
22/04/2013 20:57

ՈՒԵՖԱ-ի արտոնագիր ստացան 8 ակումբներից 6-ը

ՀՖՖ-ի գրասենյակում կայացել է ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննության էին դրվել «Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Բանանց», «Գանձասար» և «Էրեբունի-Դիլիջան» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրերի համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու 2013/2014 թթ. ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում: Արտոնագրման գործընթացը սկսելիս «ՈՒԵՖԱ»-ի արտոնագիր ստանալու դիմում էին ներկայացրել նաեւ «Ուլիս» և «Արարատ» ակումբները, որոնք, սակայն, մինչև սահմանված վերջնաժամկետը չէին ներկայացրել ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգով պահանջվող ֆինանսական չափանիշին վերաբերող փաստաթղթային փաթեթները:

Նիստը վարում էր Արտոնագրման կոմիտեի նախագահ Արայիկ Մանուկյանը: Նիստին ներկա էին կոմիտեի փոխնախագահ Հայկ Սարգսյանը, ինչպես նաև անդամներ Դավիթ Գրիգորյանը, Դավիթ Ավանեսյանը, Հակոբ Համբարձումյանը, Գագիկ Ռեչելյանը և Հայկ Կարապետյանը: ՀՖՖ Արտոնագրման բաժինը ներկայացնում էին ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը, տեղակալ Ամալյա Գրիգորյանը, բաժնի մասնագետ Ղազար Հակոբջանյանը, ֆինանսական հարցերով փորձագետ Աննա Բուչացկայան և ԶԼՄ-ների հետ կապերի գծով պատասխանատու Տիգրան Իսրաելյանը:

Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Ստուգումների արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին նիստի ընթացքում Արտոնագրման բաժնի աշխատակիցների կողմից:

Հիմնվելով դրանց վրա` Արտոնագրման կոմիտեն կայացրեց որոշում, ըստ որի «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու 8 ակումբներից 6-ին: «Ուլիս» և «Արարատ» ֆուտբոլային ակումբների դիմումները մերժվեցին, քանի որ վերջիններս դիմել էին «ՈՒԵՖԱ»-ի արտոնագիր ստանալու համար, բայց հետագայում մինչև սահմանված վերջնաժամկետը ընդհանրապես չէին ներկայացրել ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգով պահանջվող ֆինանսական չափանիշին վերաբերող փաստաթղթային փաթեթները:

Համաձայն ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի պահանջների` «արտոնագրային» որոշումների կայացումից հետո ակումբները պարտավոր են տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ (օրինակ, կադրային բնագավառում) անհապաղ տեղեկացնել ՀՖՖ-ին: Այդ պարտավորությունների վերահսկմանն ուղղված կլինի ՀՖՖ Արտոնագրման բաժնի գործունեությունը` մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր ամիսը, երբ կսկսի արտոնագրման նոր մրցաշրջանը: 

ՈՒԵՖԱ-ի արտոնագիր ստացան 8 ակումբներից 6-ը