.jpg)
Շրջանառու միջոցներ և գովազդ. Հայկական գինեգործության խնդիրը
Արդեն հայտնի է, որ վրացական «Կինձմարաուլի Մարանի», «Դուգլադձե գինու տուն» և գինի արտադրող «Ալավերդի» ընկերությունները վերադառանում են ռուսական շուկա: Մինչև 2006 թ.-ի արգելքը` Ռուսաստանում իրացվում էր շուրջ 50 մլն շիշ գինի:
Aysor.am-ի հետ զրույցում Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը նշեց, որ վրացական գինիների արգելքից հետո Հայաստանը չկարողացավ լցնել այն բացը, որ ստեղծվել էր. դրա համար կային օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ:
«Մեծ ցանկության դեպքում էլ չէինք կարող վրացական գինու 10 տոկոսը լրացնել, կարելի էր 2-3 մլն շիշ արտահանել, որը նույնպես չարվեց»,- ասաց նա:
Իսկ թե ինչու չարվեց, Ա. Հարությունյանը բացատրում է կառավարության աջակցության բացակայությամբ:
Նրա համար նաև խնդիր է, որ վրացական գինիները ռուսական շուկայում արդեն տեղ են զբաղեցնելու ավելի որակյալ գինիների նիշում, որոնք ռուսական շուկայում վաճառվում են 300 ռուբլու սահմաններում. սա այն նիշան է, որտեղ իրացվում են հայկական գինիները: Մինչև էմբարգոն` վրացական գինիները 3 դոլարի սահմաններում էին, այդ գնային սահմանում հայկական գինի չկար. Այժմ մրցակցությունը մեծ է լինելու, կա նաև վրացական գինիների նկատմամբ ռուսական կարոտի բաղադրիչը. Վրացական գինիները տասնամյակներով ուղեկցել են ռուս սպառողին:
Ինչ վերաբերում էր վրացական գինիներին, ապա Ա. Հարությունյանը նշեց, որ Ռուսաստան արտահանվող վրացական 50 մլն շշի մեջ կար և' ռուսական, և' վրացական կապիտալ: Վրացական վատորակ գինին կազմում էր 15-20 մլն շիշ: Վրաստանում գինու էմբարգոյից հետո այս գինու գործարանները փակվեցին, ռուսական կապիտալը դուրս եկավ շուկայից, իսկ վրացիները սկսեցին այլ շուկաներ որոնել:
Նշենք, որ վրացական գինիների մեծ իրացման շուկա կա Ուկրաինայում, Ղազախստանում և Լեհաստանում. Այս շուկաներում վրացիները իրացնում են շուրջ 5-10 մլն շիշ որակյալ գինի:
Հարցին, թե արդյոք ռուսական կապիտալը դեր խաղաց, որ 7 տարի անց վրացական գինին կրկին հայտնվի ռուսական շուկայում, գինեգործների միության նախագահը նշեց, որ այստեղ դերակատարում ունեին և' քաղաքական, և' տնտեսական խաղերը. Այժմ ռուսները վրացիների հետ ունեն 10 մլն շշի պայմանագիր, իսկ բանավոր 25 մլն շշի պայմանավորվածություն կա:
Ներկայումս Հայաստանը Ռուսաստան է արտահանում մեկ մլն խաղողի և մեկ մլն շիշ մրգային գինի, մինչև վրացական գինիների էմբարգոն այդ թիվը 500 հազար շիշ էր:
Եթե խաղողի գինիների համար մտավախություն կա, ապա մրգային գինիների համար Ավագ Հարությունյանը այլ խնդիր է տեսնում` Ադրբեջանը, որը վերջին շրջանում ակտիվորեն աշխատում է մրգային գինիների շուկայում:
Գինեգործները կառավարությունից ակնկալիք ունեն. նախ հայկական գինու իմիջի ձևավորում բուն ՌԴ-ում, գովազդը քանի որ արգելված է, առաջարկում են ռուսական շուկայում դիվանագիտական և առևտրային ներկայացուցչությունների միջոցով վարել ակտիվ տնտեսական քաղաքականությունը, պրոպագանդեն հայական գինին:
Գինեգործները նաև շրջանառու միջոցների խնդիր ունեն. այժմ վարկեր են վերցնում լավագույն դեպքում 12-14 տոկոսով: Խնդիր ունեն նաև շշերի հետ, քանի որ Հայաստանում երկու շշերի գործարանները գերզբաղված են. վրացական գինինների էմբարգոյի վերացնելուց հետո կմեծանա այս գործարնների շշերի պատվերները, իսկ հայ գինեգործներին անհրաժեշտ են սպիտակ շշեր, մրգային օղիների շշեր, խցաններ և այլն. ներկրման համար չի գործումե ժամանակավոր ներմուծման ռեժիմը ինչպես մի ժամանակ էր` այլ սահմանված մաքսատուրք:
«Կոնյակը խնդիր չունի, իսկ գինեգործներին պետությունը լավ աչքով չի նայում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ վրացական գինու վաճառքը Ռուսաստանում արգելվել է 2006 թվականին, ինչպես պաշտոնապես տեղեկացվել էր՝ «ցածր որակի պատճառով»։ Վրացական կողմը հայտարարել էր, որ վրացական գինիները ոչ թե անորակ են, այլ քաղաքական խնդիր կա: Այժմ Վրաստանի շուրջ 60 ընկերություն պատրաստ է ներկայանալ Ռուսաստանի շուկա. Ընդհանուր իրացման ծավալնեով վրացական գինին կկազմի ռուսական գինու շուկայի 4 տոկոսը: