Գ. Մելքոնյան. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անկասելի է
23/04/2013 13:41

Գ. Մելքոնյան. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անկասելի է

«Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անկասելի է: Ե՛վ թուրքական, և՛ ադրբեջանական իշխանությունների համատեղ ջանքերը անել ամեն ինչ, որպեսզի ցեղասպանության ճանաչման պրոցեսը դադարի, հաջողություն չեն ունենալու, ինչի մասին նշում են հենց թուրք մտավորականները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, նշեց պատմաբան Գևորգ Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կազմակերպվելիք միջոցառումներն արդեն իսկ անհանգստացնում են թուրքական իշխանություններին, ինչի վկայությունն է թուրքակական կառավարության որոշմամբ ստեղծված և փոխվարչապետի կողմից համակարգվող մարմինը, որը նպատակ ունի վիժեցնել այդ միջոցառումները և ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Սփյուռքի անելիքներին՝ պատմաբանը համոզմունք հայտնեց, որ չպետք է թույլ տալ, որպեսզի պետությունները օգտագործեն Հայոց ցեղասպանությունը զուտ որպես Թուրքիայի վրա ճնշում կիրառելու գործոն, որի արդյունքում նրանք դիվիդենտներ են ստանում:

«Մենք ինքներս պետք է նախաձեռնենք ցեղասպանության ճանաչման գործընթացը: Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում կարևոր դեր ունի ժողովրդական դիվանագիտությունը: Մենք պետք է կապ հաստատենք թուրք ժողովրդի և մտավորականության հետ, քանի թուրքերը պետական պրոպագանդայի ազդեցության տակ ունեն աղոտ պատկերացումներ, թե ինչ է իրականում տեղի ունեցել»,- նշեց բանախոսը:

Պատմաբանը կարևորեց նաև ցեղասպանության զոհերի և բռնագաղթվածների միասնական տվյալների բազայի ստեղծումը, ինչն անհրաժեշտ է հստակ գնահատելու համար ցեղասպանության հետևանքները: Գ. Մելքոնյանը անհրաժեշտ համարեց նաև ցեղասպանության մասին օտարալեզու գրականության տպագրությունն ու տարածումը:

«Այս երեք կարևոր խնդիրները՝ ժողովրդական դիվանագիտությունը, օտարալեզու գրքերի տպագրությունն ու միջազգային կառույցներում ակտիվ գործունեությունը, պետք է դառնան մեր պետության և Սփյուռքի միասնական աշխատանքի արդյունքը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ»,- ընդգծեց Գևորգ Մելքոնյանը:

Գ. Մելքոնյան. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անկասելի է