.jpg)
Հույն կաթողիկը առաջարկել է կառուցել Ցեղասպանության թանգարան նաև Լիբանանում
Ապրիլի 6-ին Անթլիլիասի մայրավանքում տեղի է ունեցել Կիպրոսում և Մերձավոր Արևելքի երկրներում Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովների ներկայացուցիչների տարածաշրջանային խորհրդաժողովը, որին մասնակցել են Հայոց ցեղասպանության պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, պետական հանձնաժողովի անդամներ Կիրո Մանոյանը, Գաբրիել Չեմբերջյանը, Իրանի (Թեհրան, Սպահան և Թավրիզ), Իրաքի, Եգիպտոսի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Կիպրոսի և Լիբանանի Հայոց ցեղասպանության 100 ամյակի հանձնաժողովների և Լիբանանի հայկական կուսակցությունների և հարանվանությունների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ապրիլի 21-ին Հայ Կաթողիկե Պատրիարքարանում կազմակերպվել է Ոգեկոչման Հսկումի Երեկո` Ներսես Պետրոս ԺԹ պատրիարքի նախագահությամբ, որին ներկա են եղել դեսպան Քոչարյանը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի ներկայացուցիչները, նախարարներ, խորհրդարանի անդամներ և հոգևորականներ:
Երեկոյի բանախոսն էր Միհրան Նաջարյանը: Ցուցադրվել է «Ս. Գրիգոր Նարեկացի» կենտրոնի կողմից պատրաստված «Post Genocide timeline» տեսաերիզը:
Ելույթով հանդես է եկել նաև Սուր քաղաքի հույն կաթողիկե առաջնորդ Ժորժ եպիսկոպոս Պագունին, ով 2004թ.-ին իր հոգևոր առաքելությունն իրականացրել էր Երևանում և Գյումրիում: Նա հիշել է, թե ինչպիսի հուզումով է այցելել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Երևանում և առաջարկել կառուցել Ցեղասպանության թանգարան նաև Լիբանանում: