.jpg)
Կ. Մանոյան. Երեք մակարդակի հատուցման և իրավունքի հարց կա
«Այսօր հավանականությունը մեծ է, որ իսրայելական Կնեսեթում նորից քննարկվի ցեղասպանության ճանաչման հարցը, հաշվի առնելով, որ միաժամանակ Թուրքիա – Իսրայել բանակցություններն ընթանում են հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ: Կարծեք թե, այս անգամ ևս Իսրայելի Կնեսեթեշը հարցը կուղարկի մի այնպիսի հանձնաժողով, որտեղ քննարկումը հրապարակային չէ` Արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողով»,- այսօր, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Դաշնակցության մոտեցումն այն է, որ մենք պետք է բարձրացնենք Ցեղասպանության հատուցման և Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքների ձեռքբերման հարցը»,- նշեց բանախոսը:
Նա տեղեկացրեց, որ այդ մասին շուտով կհրապարակվի մեկ մասնագիտական ուսումնասիրություն, որի նախագիծը 2010-ին հրապարակվել էր Լոս-Անջելեսում և Երևանում, այնուհետև՝ մանրամասնեց.
«Այդ ուսումնասիրությունում կա երեք մակարդակի հատուցման և իրավունքի հարց: Մեկը` տարածքային իրավունքն է: Հայաստան-Թուրքիա այսօրվա սահմանը մենք չենք համարում որպես իարվական սահման: Իրավական սահման համարում ենք ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թվականի իրավարար վճռով ճշտված սահմանագիծը: Երկրորդ մակարդակը հավաքական կամ ազգային ունեցվածքի հարցն է` հիմնականում արտահայտված մեր եկեղեցիների իրավունքի հարցով: Իսկ երրորդ մակարդակն անհատական հատուցման խնդիրն է: Այստեղ արդեն որոշ անհատներ ինչ-ինչ քայլեր արել են»,- հավելեց Կ. Մանոյանը:
Անդրադառնալով միջացգային կոնվենցիաների միջոցով փոխհատուցման հասնելու խնդրին, նա ընդգծեց, որ Հայ առաքելական եկեցղեցին ունեցել է կալվածքներ, որոնք այժմ Թուրքիայում տարածքում են: Սակայն քանի որ դա ցեղասպանության կոնվենցիայով չի կարգավորվում, այդ առումով կարևոր չէ` ճանաչե՞լ է արդյոք Թուրքիան այդ կոնվենցիան թե` ոչ: