.jpg)
«ԲՀԿ-ում կա գործարար թև, որը քաղաքական հայացքներով շատ նման է իշխանությանը»
Քաղաքական կուսակցությունը չի կարող այլ կարգավիճակ ունենալ, քան իշխանության մաս կամ թե ընդդիմություն լինելը: Անդրադառնալով Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցության հռչակելու թեզին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Այն, ինչ գրել է պրն. Օսկանյանը քաղաքական ակսիոմատիկ ճշմարտություն է: Կա՛մ իշխանության մաս ես և հետևաբար, պատասխանատվություն ես կրում կառավարության, խորհրդարականական մեծամասնության գործունեության համար, կա՛մ էլ ընդդիմադիր քաղաքական ուժ ես: Այդ առումով ԲՀԿ-ն արդեն մեկ տարի է գտնվում է անորոշ վիճակում: Ես մի քանի առիթ եմ ունեցել ասել, թե ի՞նչ ասել է, այլընտրանք: Նման քաղաքական վիճակ քաղաքագիտության մեջ գոյություն չունի»,- նշեց Սուրեն Սուրենյանցը
Ըստ բանախոսի՝ ընդդիմություն լինելը բարդ գործառույթ է. «Ընդդիմություն լինում են նախևառաջ արժեհամակարգով: Գուցե դիրքորոշումների առումով անցած մեկ տարում ԲՀԿ-ն եղել է ընդդիմադիր, սակայն ոչ արժեհամակարգով: ԲՀԿ-ն տիպիկ օլիգարխիկ կուսակցություն է, որը իր ներկայիս տեսքով ընդդիմադիր լինել չի կարող»,- հավելեց բանախոսը:
Քաղաքագետի կարծիքով` Վարդան Օսկայանի` կուսակցությունը ընդդիմադիր հռչակելու թեզի մեջ կա անկեղծության պակաս:
«Ի՞նչու ԲՀԿ-ն իրեն ընդդիմադիր չհամարեց 2012թ աշնանային նստաշրջանի սկզբին, երբ առջևում էր երկրի համար ամենագլխավոր քաղաքական իրադարձությունը` նախագահական ընտրությունները: Արդյո՞ք պատահական է ընտրված 2013 թ. աշխանային նստաշրջանի մեկնարկը` կուսակցությունը ընդդիմադիր հայտարարելու համար: Կարծում եմ, որ ոչ: Ետևում մնացած կլինեն ամենակարևորագույն քաղաքական իրադարձությունները և մենք ընդդիմության փորձարկմանը ականատես կլինենք լավագույն դեպքում 2017-18 թթ»,- ասաց Ս. Սուրենյանցը:
Բանախոսի կարծիքով՝ ընդդիմադիր կարագավիճակ ունենալու պարագայում ԲՀԿ-ն չի կարող պահպանել, ներկայիս, թեկուզ թվացյալ միասնականությունը:
«Ես արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ ԲՀԿ-ն զուտ դասական իմաստով քաղաքական ամբողջություն չէ»,- նշեց Ս. Սուրենյանցը՝ հավելելով, որ ԲՀԿ-ում կա քաղաքական թիմ, որի ղեկավարն է ներկայումս Վարդան Օսկանյանը և գործարար թև, որն իր «քաղաքական հայացքներով և վարք ու կանոնով շատ նման է իշխանությանը»:
Ըստ քաղաքագետի՝ ընդդիմադիր դաշտ կուսակցության մուտք գործելու դեպքում այս գործարար հատվածը շատ արագ կլքի ԲՀԿ-ն, դրանով իսկ զգալիորեն նվազեցնելով այս քաղաքական ուժի ամեն տեսակի ռեսուրսները:
Նշենք, որ նախօրեին ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում առաջ էր քաշել ԱԺ գալիք աշնանային նստաշրջանում ԲՀԿ-ի` ընդդիմադիր հռչակելու թեզը:
«Այսօր, հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և առաջիկա տարիներին սպասվող ներքաղաքական հնարավոր զարգացումները և հատկապես այն, որ ԲՀԿ-ն առանց ինքն իրեն ընդդիմադիր հոչակելու՝ այդպիսի դերակատարում Է ստանձնել, ես կարծում եմ (սա իմ անձնական տեսակետն է), որ «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում պետք է փոխի իր քաղաքական կարգավիճակը և իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն։ Համոզված եմ, որ դրանից կշահի երկիրը, քաղաքական համակարգը և վերջիվերջո՝ քաղաքացին»,- գրել է Վարդան Օսկանյանը: