.jpg)
Արա Երնջակյան. Տարոն Մարգարյանը ջիգյարով տղա է
«Այսօր մենք եկել ենք հաշվետու լինելու ձեզ և ներկայացնելու մեր նոր ծրագրերը, որոնք իրատեսական են և թույլ են տալու ավելի լավ Նոր Նորք կառուցել»,- այսօր Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը:
«Մենք, շփվելով Նոր Նորքի բնակիչների հետ, բացահայտել ենք նրանց հուզող խնդիրները և փորձելու ենք լուծել վերոնշյալ խնդիրները»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:
Նրա խոսքով՝ Նոր Նորքում դեռևս կան կանաչապատման, լուսավորության, կտուրների և վերելակների վերակագնման խնդիրներ և այդ խնդիրները իրենց լուծումն են գտնելու առաջիկա տարիներին:
«Մեր մրցակիցները խոսում են միայն կուտակված խնդիրներից, սակայն 4 տարիների ընթացքում անհնար է լուծել քսան տարվա կուտակված խնդիրները»,- նշեց Տ. Մարգարյանը:
Նա ասաց, որ իրենց օրակարգում է լինելու Երևանի համաչափ զարգացման ծրագիրը. «Ինձ համար հոգեհարազատ են բոլոր վարչական շրջանները: Ավելի լավ Երևան ունենալու համար պետք է սկսել բակերից, վարչական շրջաններից»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:
Իր հերթին, Երևանի ավագանու անդամ Արա Երնջակյանը իր ելույթում նշեց, որ Տարոն Մարգարյանը իր ելույթում խոսում է Երևանի հուզող խնդիրների, ցավերի մասին, իսկ իրենց հակառակորդները բարձրացնում են ինչ-որ քաղաքական հարցեր:
«Ես կոչ եմ անում ձեզ քվեարկել Տարոն Մարգարյանի, երիտասարդ քաղաքապետին, ով ջիգյարով տղա է և ուղն ու ծուծով գիտի Երևանի խնդիրները»,- ասաց Երնջակյանը:
Ըստ նրա՝ ընտրություններից հետո բոլորը ունենալու են ավելի լավ և բարեկարգ Երևան: