.jpg)
Մշեցի Անդրանիկ. Մեր երաշխիքը զենքն է` Մուշ միայն զենքով կմտնեմ (Տեսանյութ)
Վրեժխնդրությունը մեր սերնդի մեջ միշտ կա, քանի որ մեր պապերն անցել են գաղթի ճանապարհն ու հրաշքով են ողջ մնացել:
Իմ պատմությունն ու իմ վրեժխնդրությունը ես այսօր փոխանցում եմ թոռներիս: Այս մասին Ծիծեռնակաբերդի բարձունքում Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան ազատամարտի մասնակից, արմատներով մշեցի Անդրանիկ Տոնոյանը, ով Ծիծեռնակաբերդ էր եկել իր 4 թոռների հետ:

«Մենք կարողացանք Արցախը հետ բերել, բայց Արևմտյան Հայաստանի մասով կիսատ գործ ունենք և այն մեր թոռներին ենք փոխանցում»,- ասաց Անդրանիկ Տոնոյանը:
«Ինձ համար ընդունելի չէ այն, որ Ցեղասպանությունը ճանաչում են թղթի վրա: Հա, գերտերությունները ճանաչեցին, ու ի՞նչ: Արցախյան շարժման սկզբում էլ հավատում էինք թղթի ուժին, ասում էինք` «Լենին, պարտիա, Գարբաչյով», բայց քանի դեռ զենք չվերցրեցինք` հարցը չլուծվեց: Հային միայն զենքով կա հաղթանակ»,- ավելացրեց Անդրանիկ Տոնոյանը:
Անդրանիկ Տոնոյանի խոսքով` թուրքերն այսօր օգտագործում են մեր ազգային թուլությունն ու մեր իսկ հողեր` Արևմտյան Հայաստան գնալու համար, մեզանից մոտ 2000 դոլար են վերցնում.
«Այդ ուղևորությունը 2000 դրամ էլ լինի` չեմ գնա: Չպիտի մեր հայրենիք գնալու ու հայրենի հողը համբուրելու համար վճարենք: Ես իմ Մուշ կմտնեմ միայն զենքով ու կհամբուրեմ միայն ազատագրված Մուշի հողը»,- ասաց Անդրանիկ Տոնոյանն ու ավելացրեց.
«100-րդ տարելիցին ընդառաջ մեր միակ երաշխիքն ու ապավենը` զենքն է: Էլի եմ ասում` Մուշ միայն զենքով եմ մտնելու»:


