Ղազախստանում և Հունաստանում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը
24/04/2013 19:20

Ղազախստանում և Հունաստանում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 22-24-ին Ղազախստանի բոլոր 14 հայկական համայնքներում անցկացվեցին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ալմաթիում գտնվող հայկական «Լույս» կենտրոնի տարածքում գտնվող խաչքարի մոտ զետեղվել են ծաղկեպսակներ, իսկ Սուրբ Կարապետ եկեղեցում`  անցկացվել հոգեհանգստյան պատարագ:

Կարագանդա քաղաքի մոտ գտնվող Սպասկի հուշահամալիրում գտնվող հայկական խաչքարի կոթողի մոտ մերձակա քաղաքներից և գյուղերից եկած ղազախստանահայերը զետեղել են պսակներ և ծաղիկներ, ինչպես նաև լռության րոպեով հարգել  Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը:

Հիշատակի միջոցառումներ կազմակերպվել են նաև Աստանայում, Ակտոբեում, Կոստանայում, Օզկեմենում և Ղազախստանի այլ քաղաքներում:

Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ միջոցառումներ են անցկացվել նաև Բիշկեքում՝ Ղրղզստանի հայ համայնքի մասնակցությամբ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` ապրիլի 21-ին Հունաստանի Հանրապետության Աթենք, Սալոնիկ և Քսանթի քաղաքներում տեղի են  ունեցել 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 98-ամյակի հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին հունահայ համայնքային կառույցների կողմից՝ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության մասնակցությամբ:

Աթենքում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունների հիմնական միջոցառումը, որը կազմակերպված էր ՀՅԴ Հունաստանի հայ դատի հանձնախմբի և ՌԱԿ հայ իրավանց խորհրդի կողմից՝ Աթենքի մարզպետարանի նախաձեռնությամբ, կայացավ «Ռոյալ Օլիմպիկ» հյուրանոցի սրահում:

Միջոցառմանը մասնակցել են Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ ու կառավարության անդամներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուց­չությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ, Հունաստանի քաղաքական կուսակցությունների, նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքային կառույցների անդամներ, հույն հասարակական գործիչներ և լրագրողներ:

Ղազախստանում և Հունաստանում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը