.jpg)
Օբաման վերահաստատում է տեսակետը, բայց չի արտասանում «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հերթական անգամ չարտասանեց «ցեղասպանություն» բառը: Սպիտակ տունը այսօր տարածել է ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը:
«Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը` 20-րդ դարի ծանրագույն ոճրագործություններից մեկը: Իննսունութ տարի առաջ՝ Օսմանյան կայսրության անկման շրջանում, 1.5 միլիոն հայեր կոտորվեցին կամ իրենց մահը գտան գաղթի ճանապարհին։ Այսօր մենք կանգ ենք առնում՝ զոհվածների մասին մտորելու և վերհուշելու նրանց կրած անասելի տառապանքը»,- ասել է Օբաման` հավելելով, որ անցած դարի սկզբին տեղի ունեցած այդ իրադարձությունների տխուր տարելիցը լայնորեն նշվում է Միացյալ Նահանգներում։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Ես բազմիցս վերահաստատել եմ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ իմ անձնական տեսակետը: Իմ մոտեցումները մնում են անփոփոխ: Մեր պարտավորությունն է` թույլ չտալ, որպեսզի պատմության այս մութ էջերը երբևիցէ կրկնվեն»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Միաժամանակ Օբաման նշել է՝ փաստերի լիակատար, ազնիվ ու արդար ճանաչումը բխում է մեր բոլորի շահերից՝ մատնանշելով այն անհատ հայերի ու թուրքերի ջանքերը, ովքեր հաշտությանն ուղղված քայլեր են ձեռնարկում:
«Հիշատակի այս տխուր օրը մենք հայերի կողքին ենք` վերհիշելով Մեծ Եղեռնի սարսափները, հարգելով զոհերի հիշատակը և վերահաստատելով մեր նվիրվածությունը հայ ժողովրդին»,-եզրափակել է իր ելույթը ԱՄՆ նախագահը: