.jpg)
Անկարայի համալսարանում ընդհարումներ են տեղի ունեցել քրդերի և թուրքերի միջև
Թուրքիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրաշիթեր է կիրառել քրդերի ու թուրք ազգայնական ուսանողների միջև Անկարայի համալսարանական ճամբարում սկսված բախումները ցրելու համար: Վիրավորվել է 15 մարդ: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
Մի քանի ժամ տևած վեճը, որի ժամանակ կողմերը քարեր և ձողեր են նետել, սկսվել է այն բանից հետո, երբ քուրդ անջատողականներին համակրող ուսանողները հակադրվել են Անկարայի Միջին արևելքի տեխնիկական համալսարանի (ODTU) ազգայնական ուսանողների խմբին:
Անցած շաբաթ Թուրքիայի ՆԳ նախարար Մուամեր Գյուլերը հայտարարել էր, որ Թուրքիայում 2013 թվականին ուսանողների շրջանում աճել է լարվածությունը, որը հավանաբար կապված է թուրք-քրդական խաղաղ բանակցային գործընթացի հետ:
Թուրքիայի բուհերը վերջին շրջանում հաճախ են հայտնվում տարբեր քաղաքական ճամբարներին հարող ուսանողների միջև կոնֆլիկտային իրավիճակների թատերաբեմում: Ավելի վաղ՝ ապրիլի սկզբին, Դիարբեքիրի համալսարանական ճամբարում կրկին վեճ էր բռնկվել քրդերի և իսլամիստ երիտասարդների միջև: Արդյունքում վիրավորվել էր չորս ուսանող:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները 2012 թվականի հոկտեմբերից բանակցություններ էին վարում քուրդ անջատողականների ղեկավար, ՔԱԿ առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ, ով դապատարտվել էր ցմահ ազատազրկման: Այդ բանակցություններն ուղղված էին 35-ամյա հակամարտությունը կարգավորելուն, որը խլել էր ավելի քան 40 հազար մարդու կյանք: 2013 թվականի մարտի 21-ին քրդերի առաջնորդ Աբդուլա Օջալանը կոչ էր արել իր կուսակցությանը դադարեցնել Թուրքիայի իշխանությունների դեմ պայքարը, զինված խմբավորումները դուրս բերել երկրի տարածքից և երկարամյա հակամարտությունը կարգավորելու խաղաղ բանակցություններ սկսել:
ՔԱԿ-ը Աբդուլա Օջալանի կողմից հիմնվել է 1987 թվականին և զինված պայքար է մղում Թուրքիայի հարավ-արևելքում անկախ քրդական պետություն ստեղծելու համար: Կուսակցությունը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն: