Ցեղասպանության ճանաչման համար պետք է աշխատել օտարալեզու լսարանի հետ
25/04/2013 19:01

Ցեղասպանության ճանաչման համար պետք է աշխատել օտարալեզու լսարանի հետ

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը ավելի արդյունավետ դարձնելու համար պետք է աշխատել օտարալեզու լսարանի հետ և հիմնական թիրախը դարձնել նրանց»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Նա նշեց, որ տեսահոլովակները, երգերը, նյութերը, գրքերը պետք է տարածվեն ոչ թե հայերենով, այլ անգլերենով, ռուսերենով, պարսկերենով, արաբերենով և առաջին հերթին թուրքերենով:

«Նախօրեին ռուսական պետական հեռուստաընկերություններով նյութեր գնացին Հայոց ցեղասպանության մասին, սակայն ես կցանկանայի, որպեսզի ռուսական ալիքները վավերագրական ֆիլմեր ցուցադրեին ռուսերեն: Պետք է այդ ուղղությամբ աշխատանքներ տանենք, վճարենք և պատվիրենք այդպիսի ֆիլմեր»,- ասաց բանախոսը:

Թուրքագետն ասաց, որ պետք է հնարավորինս լայն հնարավորություն տալ հասարակ թուրքերին իմանալու ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին, կարդալու, լսելու այդ դեպքերի վերաբերյալ:

Անդրադառնալով այն հարցին, թե որ երկրների հետ պետք է աշխատանքներ տանել, որոնք կարող է ցանկություն հայտնեն ճանաչելու Հայոց ցեղասպանությունը Շաքարյանը պատասխանեց, որ եթե աֆրիկյան մայրցամաքի մի շարք երկրներ` Մոզամբիկը, Զամբիան ընդունեն Հայոց ցեղասպանությունը, ինքը չի կարծում, որ դա որևէ էական նշանակություն կունենա Թուրքիայի վրա ազդելու հարցում:

«Մենք ունենք թիրախային երկրներ` Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ և Իսրայելը, որոնց ուղղությամբ ինչքան էլ աշխատենք, շատ դժվար է նրանց համոզել ընդունելու Հայոց ցեղասպանությունը, իսկ մյուս պետությունների հետ աշխատանքը և նրանց կողմից ցեղասպանության փաստի ընդունումը կունենա բարոյական էֆեկտ»,- ասաց թուրքագետը:

Ըստ նրա, այն գումարները, որ պետք է ծախսվեն ոչ էական երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման վրա, կարելի է ծախսել ավելի արդյունավետ:

«Կարելի է գումարներ ծախսել Լոնդոնում, Նյու-Յորքում կամ Մոսկվայում Հայոց ցեղասպանության թանգարան կառուցելու համար»,- հավելեց Ա. Շաքարյանը:

Ցեղասպանության ճանաչման համար պետք է աշխատել օտարալեզու լսարանի հետ