.jpg)
Լևանդովսկի. «Մենք դեռ եզրափակչում չենք»
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի Մադրիդի «Ռեալի» հետ երեկ կայացած առաջին խաղում դարձավ պոկերի հեղինակ, հայտարարել է, որ իր թիմը չպետք է հանգստանա ձեռք բերածով: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:
«Ամեն ինչ իդեալական էր: Իհարկե, ես անչափ ուրախ եմ, որ կարողացանք հաղթանակ տոնել 4:1 հաշվով, բայց մենք դեռ եզրափակչում չենք: Պարզապես դեպի այն տանող մի մեծ քայլ ենք կատարել, սակայն Մադրիդում կայանալիք պատասխան հանդիպմանը հարկավոր է շատ զգույշ գործել: «Ռեալը» դեռ վտանգավոր է:
«Բորուսիան» շատ ուժեղ թիմ է, և մենք չենք վախենում «Ռեալից»: Այնուամենայնիվ, զգոնությունը մեզ չէր խանգարի, քանի որ «Արքայական ակումբի» ֆուտբոլիստները ևս ցանկանում են հայտնվել եզրափակչում:
Ամբողջ հանդիպման ընթացքում տրիբունաներում և, ընդհանրապես, ողջ մարզադաշտում տիրում էր հիանալի մթնոլորտ: Մենք հատկապես փայլուն գործեցինք 2-րդ խաղակեսում, և «Ռեալը» պարզապես չգիտեր, ինչ հակախաղ գտներ մեր դեմ: Մենք դարձանք 3 գոլի հեղինակ և հիանալի ֆուտբոլ ցուցադրեցինք:
Մադրիդում «Ռեալը» մեծ վտանք կներկայացնի: Մենք դեռ չենք մտածում եզրափակչի մասին, քանի որ դեռ վաղ է: Մադրիդում հաջող հանդես գալու դեպքում նոր միայն կմտածենք այդ մասին»,- նշել է Լևանդովսկին: