Ռ. Առաքելյան. ՀՅԴ-ի իրականացրած գործընթացները համոզիչ են
25/04/2013 14:32

Ռ. Առաքելյան. ՀՅԴ-ի իրականացրած գործընթացները համոզիչ են

«Մեր քարոզարշավը բավականին հաջող է անցնում և այն ընտրազանգվածը, որ մենք ունեցել ենք բոլոր ընտրությունների ժամանակ, նրանք մեզ հետ են` մեր կողքին»,- այսօր, անդրադառնալով նախընտրական զարգացումներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, նախկին ԱԺ պատգամավոր Ռուզան Առաքելյանը:

«Արդեն երկրորդ անգամ քաղաքապետի ընտրությունները վերագրում են անձի ընտրության: Ժողովրդի մոտ կա երևույթի ոչ ճիշտ ըմբռնում, թե իրենք գնում են անձի ընտրելու: Մենք պարտավորություն ենք վերցրել մեզ վրա` ժողովրդին համոզել, որ սա քաղաքական ուժերի ընտրություն է»,- նշեց բանախոսը:

Ռ. Առաքելյանն անդրադարձավ նաև ՀՅԴ նախընտրական ծրագրի առանձնահատկություններին և ասաց. ««Դաշնակցությունն» առաջարկում է ապագա ավագանու մեջ ստեղծել հանձնաժողով, որը պետք է վերահսկի Երևան քաղաքի բյուջեն: Ու ամենակարևոր հանգամանքն այն է, որ այդ հանձնաժողովը պետք է ղեկավարի ընդդիմությունը»:

Նրա խոսքով` երկրորդ սկզբունքային հարցն էլ այն է, որ ավագանու մեջ ընդգրկված ընդդիմադիր քաղաքական բոլոր ուժերը միավորվեն և քաղաքապետ դառնա ընդդիմադիր գործիչ` որպես միասնական թեկնածու:

Անդրադառնալով ՀՅԴ-ի ընտրազանգվածին, բանախոսը հավելեց. «Մտավորական մի զանգված կա, որը վստահում է ուղղակի «Դաշնակցությանը»` որպես քաղաքական ուժի` ոչ միայն արտաքին քաղաքականության, այլև հենց ներքաղաքական խնդիրների հետ կապված: Դա նշանակում է, որ այն գործընթացները, որոնք ՀՅԴ-ն իրականացրել է, ժողովրդի համար համոզիչ են»:

Ռ. Առաքելյան. ՀՅԴ-ի իրականացրած գործընթացները համոզիչ են