.jpg)
Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բրազիլիայի դեսպանի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունն ու անձնական ներդրումը հայ-բրազիլական հարաբերությունների ամրապնդման գործում՝ նշելով, որ նրա պաշտոնավարման տարիներին երկկողմ հարաբերությունների օրակարգը հարստացել է նոր ծրագրերով ու նախաձեռնություններով:
Նախագահը հույս է հայտնել, որ մեր երկրում Բրազիլիայի հաջորդ դեսպանը նույնպիսի եռանդով և նվիրվածությամբ կկատարի իր առաքելությունը՝ ի նպաստ հայ-բրազիլական բարեկամության:
Բրազիլիայի դեսպանը գոհունակությամբ է խոսել միջազգային կազմակերպությունների շրջանակներում ևս բարեկամ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության մասին: Երկկողմ կապերի ամրապնդման գործում տկն. Մարսելա Մարիա Նիկոդեմոսը բարձր է գնահատել բրազիլահայ համայնքի դերը, որը, նրա խոսքով, լուրջ և կարևոր ներդրում է ունեցել նաև Բրազիլիայի զարգացման գործում: