«Պետք է փոխել մոտեցումը ու պայքարել կոնկրետ տարածքի համար»
25/04/2013 20:14

«Պետք է փոխել մոտեցումը ու պայքարել կոնկրետ տարածքի համար»

«Ասում ենք Երևանը աշխարհի ամենահին քաղաքներից է, սակայն իրականում մեր քաղաքում չկան պատմական շենքեր, քանի որ մարդիկ գերադասում են բիզնես շահը»,- այսօր Պուշկին 25 հասցեում գտնվող շենքի առջև լրագրողների հետ հանդիպմանը ասաց ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը:

Հանդիպումը կազմակերպվել էր «Փրկենք Երևանը» քաղաքացիական նախաձեռնության` այդ հասցեում գտնվող շենքի առջև:

Նախաձեռնության անդամ Իզաբելլա Սարգսյանի խոսքով` այն նպատակ ունի համախմբել Երևանի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիներին և սառեցնել Երևանի կենտրոնում բոլոր քաղաքաշինական գործընթացները` մինչև կարգավորման համապատասխան մեխանիզմների մշակումը:

«Պետք է փոխել մոտեցումը ու պայքարել կոնկրետ տարածքի համար»,- ասաց նա:

Ի. Սարգսյանի խոսքով` այդ տարածքում կկառուցվեն 14-16 հարկանի հյուրանոցներ և Պուշկինի 25 հասցեում գտնվող շենքը ևս բացառություն չէ, և այդ հարցի լուծման համար իրենք հետևողականորեն պայքարելու են և հանդիպումներ կկազմակերպեն ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ:

Նախաձեռնության անդամները պատրաստել էին նաև «Երևանի փրկության արտակարգ ռեժիմ» հռչակագիրը, որով գործող իշխանություններից պահանջում են սառեցնել Երևանի կենտրոնի բոլոր քաղաքաշինական գործընթացները մինչ կարգավորման նոր մեխանիզմների մշակումը, Երևանի կենտրոնի կառուցապատման կամ պատմամշակութային հուշարձաններին վերաբերող որոշումների իրագործումը, կասեցնել ցանկացած կազմակերպության շինարարական աշխատանքները կենտրոնում և Երևանի կանաչ գոտիներում:

Հռչակագրում նաև ասվում է, որ իրենք կպայքարեն բոլոր այն ուժերի դեմ, որոնք Երևանի ավագանի ընտրվելուց հետո կհրաժարվեն կատարել այս պահանջները:

«Պետք է փոխել մոտեցումը ու պայքարել կոնկրետ տարածքի համար»