«Առաքելության» ցուցակի առաջին 3 համարների գույքն ու եկամուտները
26/04/2013 13:37

«Առաքելության» ցուցակի առաջին 3 համարների գույքն ու եկամուտները

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող «Առաքելություն» կուսակցությունը, ի տարբերություն իր 6 մրցակիցների, որոնք ներկայացված են Ազգային ժողովում, լայն ճանաչում չունի: Այն ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցվել է ընդամենը այս տարվա մարտի 4-ին: Այս մասին հաղորդում է «Փաստինֆո» կայքը:

Կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուները 28 և 32 տարեկան երիտասարդներ են: Նրանց կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրերը վկայում են, որ անշարժ գույք ունի միայն ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը, աշխատանք, հետևաբար՝ եկամուտներ, ունեն բոլորը: Նրանք ունեն նաև դրամական միջոցներ, իսկ երկուսը նաև ՍՊԸ- փայատեր են: Երեքն էլ չունեն շարժական և թանկարժեք գույք:

Ըստ ԿԸՀ-ից «Փաստինֆոին» տրամադրված հայտարարագրերի՝ «Առաքելության» ընտրական ցուցակը գլխավորող Երևանի պետական համալսարանի դասախոս, կուսակցության քաղխորհրդի անդամ, 28-ամյա Մեսրոպ Առաքելյանը Նորքում 128,9 քմ մակերեսով բնակելի տան և 0,046 հա հողամասի, ինչպես նաև Կոտայքի մարզի Արգել համայնքում 0,53 հա հողամասի միանձնյա սեփականատեր է:

2012թ.-ի մարտի 1-ից մինչև 2013թ.-ի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Մ.Առաքելյանի եկամուտները գոյացել են ՎՏԲ-Հայաստան բանկից ստացած 17 մլն 863 հազար 471 դրամ և ԵՊՀ-ից ստացած 771 հազար 666 դրամ աշխատավարձից, նաև Հայբիզնեսբանկից ստացած 375 հազար 336 դրամ ավանդի տոկոսից:

Մ.Առաքելյանի դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ եղել են 48 հազար ԱՄՆ դոլար և 2 մլն դրամ:

«Առաքելության» ցուցակը գլխավորողը «Քոլլեքշն Ագենսի Գրուփ» ՍՊԸ-ի 50 տոկոսի փայատեր է:

«Առաքելության» ընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Փրայմ Փաբ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, կուսակցության քաղխորհրդի անդամ, 32-ամյա Մանուկ Սուքիասյանը հայտարարագրել է միայն եկամուտներ, 500 հազար դրամ դրամական միջոցներ և «Փրայմ Փաբ» ՍՊԸ-ի 100 տոկոս փայաբաժին:

Մ.Սուքիասյանը որպես եկամուտներ նշել է «Փրայմ Փաբ» ՍՊԸ-ից ստացած 502 հազար դրամ աշխատավարձը և նույն ՍՊԸ-ից՝ 3 մլն 495 հազար դրամ շահաբաժինը:

«Առաքելության» ընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Փոքր բիզնեսի վարչության գլխավոր մենեջեր, կուսակցության քաղխորհրդի քարտուղար, 28-ամյա Հրաչյա Սարգսյանը հայտարարագրել է միայն եկամուտներ և 150 հազար դրամ դրամական միջոցներ:

Հ. Սարգսյանի տարեկան եկամուտները գոյացել են ՎՏԲ-Հայաստան բանկից ստացած 4 մլն 564 հազար 73 դրամ աշխատավարձից և 10 հազար դրամ ավանդի տոկոսից: 

Նախորդող հրապարակում՝ Ի՞նչ ունեն-չունեն ՀՀԿ ցուցակի առաջին երեք գործիչները

ՀԱԿ ցուցակի առաջին եռյակ. Հաշվում ենք կոնգրեսականների փողերը

Ովքե՞ր են նրանք. ԲՀԿ ցուցակի առաջին երեք գործիչները

ՕԵԿ. Ի՞նչ ունեցվածք ունեն ՕԵԿ-ական քաղաքապետացուները
 

«Առաքելության» ցուցակի առաջին 3 համարների գույքն ու եկամուտները