Պանրի շուկան տատանվում է. Առայժմ միայն կաթի սեզոնայնություն
26/04/2013 19:45

Պանրի շուկան տատանվում է. Առայժմ միայն կաթի սեզոնայնություն

2012 թ.-ին Հայաստանից արտահանվել է 900 տոննա պանիր, որը գրեթե կրկնակի ավելի է նախորդ տարիների պանրի արտահանման համեմատ: Արտահանվում է հիմնականում ռուսական շուկա:

Հայաստանյան խանութներում վերջին շրջանում նկատվում է պանրի որոշ տեսակների թանկացում, իսկ որոշ տեսակներ իսպառ բացակայում են:

Aysor.am-ի հետ զրույցում Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը պանրի շուկայում խնդիրները չդիտարկեց արտահանման ծավալների աճի տեսանկյունից: Նա նաև կիսում է գյուղնախարարության կարծիքը, ըստ որի մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում նկատվում է կաթի արտադրության նվազում: Այս շրջանում պակասում են նաև պահեստավորված պանիրը: «Այս երևութը բնական է մեր իրականության համար»,- ասաց Ա. Գիգոյանը:

Այս շրջանի կաթի արտադրության նվազման պատճառներից, բացի կաթի սեզոնայնությունից, նշեց խոտի թանկացումը. «Կաթի արտադրության ոլորտում տատանումներ լինում են, դիֆիցիտը կրկնվում է երկու տարին մեկ անգամ, իսկ այս տարի այն ավելի նկատելի էր»:

Նշենք, որ այս շրջանում մեկ հակ խոտը վաճառվում է 1500-1800 դրամով, այն դեպքում, երբ ամռան և աշնան ամիսներին գինը տատանվում էր 900-1100 դրամի շրջանակներում:

Պանրի շուկայի խնդիրներին անդրադառնալու է նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Հանձնաժողովի մամլո պատասխանատու Գայանե Սահակյանը Aysor.am-ի հետ զրուցում նշեց, որ աշխատանքային խումբ է ձևավորվել և այժմ խումբը պանրի շուկայում դիտարկումներ է անցկացնում` հասկանալու համար, թե խնդիրը որքանով է առնչվում մրցակցային դաշտին. ՏՄՊՊՀ-ն աշխաատելու է նաև պանիր արտադրողներիր և խանութների հետ: