Լրագրողներ պահանջում են պատժել ilur.am-ի լրագրողի վրա հարձակվողներին
26/04/2013 19:37

Լրագրողներ պահանջում են պատժել ilur.am-ի լրագրողի վրա հարձակվողներին

Մի խումբ լրագրողներ հայտարարություն են տարածել iLur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյան հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«2013 թ. ապրիլի 23-ին, ժամը 17:30-ի մոտ iLur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը Երևանի Նորքի 8-րդ զանգվածի բակերից մեկում լուսաբանելիս է եղել Տարոն Մարգարյանի քարոզարշավը, երբ մի քանի հոգի նրանից պահանջել են դադարեցնել նկարահանումները: Լրագրողը բացատրել է, որ իր մասնագիտական պարտականությունն է կատարում: Ըստ լրագրողի, Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու թեկնածու Աշոտ Պապայանը մոտեցել է իրեն և հայհոյելով սկսել է հարվածել լրագրողին: Նրան են միացել էլի մի քանի հոգի, սկսել են քաշքշել և նույնպես հարվածել: Միջադեպին ներկա և ականատես է եղել ոստիկանության մի մայոր, սակայն որևէ մեկը չի կասեցրել լրագրողի նկատմամբ գործադրվող բռնությունը: Այդ մարդիկ լրագրողի ձեռքից խլել են ֆոտոխցիկը: Քիչ անց մեկը վերադարձրել է ֆոտոխցիկը, որի միջից մաքրված են եղել բոլոր նկարահանած նյութերը:

Մենք, ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտելով լրագրողի նկատմամբ կատարված այս հարձակումը և բռնությունը, պահանջում ենք իշխանություններից պատժել մեղավորներին և ձեռնարկել համապատասխան միջոցներ` հետագայում նման վայրագությունները կանխելու նպատակով: 

Չպատժելու որևէ արդարացում անընդունելի է, քանի որ ակնհայտորեն այս հանցագործության բացահայտելը որևէ դժվարություն իրենից չի ներկայացնում: Եթե այս հանցագործությունը անհետևանք մնա, ոստիկանության ղեկավարության բազմաթիվ հայտարարությունները իրենց քաղաքական չեզոքության մասին դատարկ խոսքերի շռայլում կհամարենք:

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ 
Էդիկ Բաղդասարյան, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ 
Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբ
Նունե Սարգսյան, «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ 
Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Սուրեն Դեհերյան, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ»:

Լրագրողներ պահանջում են պատժել ilur.am-ի լրագրողի վրա հարձակվողներին