.jpg)
Իրանը պատրաստ է վերսկսել «վեցնյակի» հետ բանակցությունները
Իրանը պատրաստ է միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ («5+1»՝ ՄԱԿ մշատական անդամները և Գերմանիան) վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները և սպասում է, որ ԵՄ-ն ներկայացնի հանդիպման օրը, ժամը և այլ մանրամասներ: Այս մասին հայտարարել է Իրանի կողմից գլխավոր բանակցող Սայեդ Ջալիլիի տեղակալ Ալի Բաղերին:
Reuters-ին տված հրացազրույցի ժամանակ Բաղերին ասել է, որ իրենք սպասում են Էշթոնի զանգին, և Ջալիլին, իր հերթին, պարաստ է այդ զանգին պատասխանել:
«Մեզ հետաքրքրում է, արդյոք Էշթոնը կպատասխանի բանակցությունների հաջորդ փուլի տեղի ու ժամի նշանակման հարցին, թե պարզապես կսահմանափակվի գլխավոր խնդիրների քննարկմամբ»,- ավելացրել է Բաղերին:
Բրյուսելում Էշթոնի խոսնակ Մայքլ Մենն ասել է, որ Էշթոնը այժմ խորհրդակցում է ԱԳ նախարարների հետ՝ գործընթացում առաջընթաց գրանցելու համար: «Ջալիլիի հետ հեռախոսազրույցի նպատակը հետագա քայլերը քննարկելն է»,- ասել է Մայքլ Մենը:
Բաղերին նշել է, որ Իրանն արտադրում է 20 %-անոց ուրան՝ Թեհրանի հետազոտական ռեակտորը, ինչպես նաև երկրի 4 տարբեր հատվածներում գտնվող 4 այլ ռեակտորներ վառելանյութով ապահովելու համար:
Նշենք, որ ապրիլի 5-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի էր ունեցել Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը: «Վեցնյակը» Թեհրանին առաջարկել էր դադարեցնել Ֆորդ քաղաքում գտնվող օբյեկտում ուրանի մինչև 20 % հարստացումը՝ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու դիմաց, ինչին իրանական կողմը չէր համաձայնել: