ԱՄՆ «բավականին հավաստի» տվյալներ ունի Սիրիայում քիմիական զենքի վերաբերյալ
26/04/2013 20:58

ԱՄՆ «բավականին հավաստի» տվյալներ ունի Սիրիայում քիմիական զենքի վերաբերյալ

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ ամերիկյան հետախուզությունը «բավականին հավաստի» տվյալներ ունի, որ Սիրիայում քիմիական զենք է կիրառվել: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ըստ ԱՄՆ հետախուզության՝ կառավարական ուժերը «փոքր քանակությամբ» զարին գազ են կիրառել, սակայն չեն նշել, թե կոնկրետ երբ և որտեղ է այն կիրառվել:

Սպիտակ տունը նախազգուշացրել է, որ քիմիական զենքի կիրառումը այն «կարմիր գիծն» է, որի հատման դեպքում հավանական է ռազմական ներխուժում իրականացնել, սակայն նշել է, որ իր հետախուզությունը դեռ ապացույցներ չի ներկայացրել:

Նշենք, որ երկու օր առաջ Իսրայելի բանակի բարձրաստիճան սպան Սիրիայի իշխանություններին մեղադրել էր ապստամբների դեմ զարին գազ կիրառելու մեջ: Այդ տեսակի գազն ազդում է մարդկանց նյարդային համակարգի վրա:
Սիրիայի իշխանությունները և գրոհայինները բազմիցս միմյանց մեղադրում էին քիմիական զենք կիրառելու մեջ: Ներկայում ՄԱԿ հետազոտողները ցանկանում են Սիրիայի տարածք մուտք գործելու թույլտվություն ստանալ, որպեսզի ուսումնասիրեն այդ մեղադրանքները:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում նույնպես հայտարարել էր Սիրիայում քիմիական զենք կիրառելու երկու դեպքերի մասին: Այդ տվյալները հաստատել է նաև Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը: Սակայն ԱՄՆ վարչակազմը հայտարարեց, որ նման գնահատականները հավաստի չեն քիմիական զենք կիկրառելու փաստը հաստատելու համար և չի կարելի ասել, որ Ասադը անցել է Սպիտակ տան սահմանած «կարմիր գիծը»:

 

ԱՄՆ «բավականին հավաստի» տվյալներ ունի Սիրիայում քիմիական զենքի վերաբերյալ