.jpg)
«Qatar Airways» ավիաընկերության մուտք կգործի հայկական շուկա
Կատարական «Qatar Airways» ավիաընկերության մուտք կգործի հայկական շուկա: Օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության հարցեր քննարկելու նպատակով հունիսին Հայաստան կայցելի Կատարի քաղավիացիայի պատվիրակությունը: Նոր ավիափոխադրողի հարցեր են քննարկել այսօր ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի և ՀՀ-ում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Իբրահիմ Ա. Ռահման ալ- Մեղայիսիբին (նստավայրը` Թեհրան) հանդիպման ժամանակ: Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Այս մասին տեղեկացնում են ՏԿՆ լրատվական ծառայությունից:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացման, համագործակցության ընդլայնման հարցեր:Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի նախապատրաստական աշխատանքներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել` հանձնաժողովի նիստն անցկացնել այս տարվա հունիսին, Երևանում:
Ա. Գևորգյանը կարևորել է Հայաստան կատարական ներդրումների ներգրավման հարցը` հեռանկարային համարելով համագործակցությունը գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, գիտակրթական բնագավառներում: Կատարի դեսպանը տեղեկացրել է, որ սոցիալական հարցերի ոլորտում համագործակցության հարցերի քննարկման նպատակով մայիսի երկրորդ կեսին նախատեսվում է Կատարի Պետության աշխատանքի նախարարության պատվիրակության այցը Հայաստան:
Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրներում դեսպանատների բացման հնարավորությանը և ընդգծել են, որ այն կարող է նպաստել փոխգործակցության արդյունավետությանը: