ՀՅԴ-ի նպատակը կառավարման համակարգը արմատապես փոխելն է
29/04/2013 18:25

ՀՅԴ-ի նպատակը կառավարման համակարգը արմատապես փոխելն է

«Մեր հիմնական նպատակն է մեր ընտրողների գիտակցությանը հասցնել ընտրությունների նշանակությունը, քաղաքական նշանակությունը, նաև թույլ չտալ, որպեսզի նվազեցվի այս ընտրությունների քաղաքական դերը, որ մտածեն, թե գյուղում գյուղապետ են ընտրում, քաղաքում քաղաքապետ, որը պետք է միայն զբաղվի իրենց կենցաղսպասարկման հարցերի լուծմամբ»,- այսօր Դավիթաշեն վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման շրջանակներում լրագրողերին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, քաղաքապետի թեկնածու Արմեն Ռուստամյանը:

Նա նշեց, որ այս ընտրությունները պետք է կապել երկրի բարեփոխումների գործընթացի հետ և կարծում են, որ միայն ընդդիմադիր քաղաքապետը կարող է փոխել իրավիճակը երկրում, ինչպես դա թերևս կատարվեց համապետական ընտրությունների ժամանակ:

«Դժգոհ մեծ զանգված կար, որ չկարողացավ դա իրականացնել նախագահ փոխելու միջոցով, սակայն դա հնարավոր է անել ընդդիմադիր քաղաքապետ ունենալով»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:

Արմեն Ռուստամյանը նաև նշեց, որ այս ընտրությունները պետք է վերածել իշխանության անվստահության հանրաքվեի. «Քաղաքացիները պետք է ոչ ասեն իշխանություններին և այո ասեն ընդդիմադիր քաղաքական ուժին` ՀՅԴ-ին, որ ունի իր հստակ նպատակները»:

Ըստ նրա՝ իրենց հիմնական հարցը կառավարման համակարգը արմատական փոփոխությունն է, այն լիազորությունները, որ ունի քաղաքապետը և լինելով նույն թիմից, նա դա չի իրականացրել: Ա Ռուստամյանի խոսքով՝ պետք է իրականացնել համալիր փոփոխություններ, որպեսզի երևանցին կարողանա մասնակից դառնալ իր իսկ քաղաքի խնդիրների լուծմանը:
 

ՀՅԴ-ի նպատակը կառավարման համակարգը արմատապես փոխելն է