Բյուջեն կատարվել է 25.1 մլրդ դրամ հավելուրդով
29/04/2013 20:42

Բյուջեն կատարվել է 25.1 մլրդ դրամ հավելուրդով

2013 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 231.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 206.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 103 %-ով և 88.8 %-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: Այս մասին տեղեկացնում են ֆինանսների նախարարությունից:

Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար-մարտ ամիսներին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9 րդ հոդվածի 11 րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 5.4 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 84.7% ը, իսկ ծախսերը` 2.9 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 39.3%-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 22.3%-ով, ծախսերի գծով` 20.1%-ով:

ՀՀ պետական բյուջեի եկամուտները: 2012 թվականի առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 23.8% ով կամ շուրջ 44.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Պետական բյուջեի եկամուտների 95.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4.7%-ը` այլ եկամուտների, 0.2%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2013 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 220 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 103.8%-ը: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 24.1% ով կամ 42.7 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի գծով մուտքերի աճով: Բացի այդ, 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական` եկամտային հարկ, որի գծով անցած ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 43.6 մլրդ դրամ: 2013 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա պարտավորությունների գծով ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 10.4 մլրդ դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ և 6.8 մլրդ դրամ եկամտահարկ:

Եկամտային հարկից ստացված մուտքերը` հաշվետու ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հետ միասին (որոնք մուտքագրվել են նախորդ տարվա պարտավորությունների գծով) 21.4%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մուտքերը: 2013 թվականից ներդրվել է ևս մեկ նոր հարկատեսակ` շրջանառության հարկը, որի գծով առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.8 մլրդ դրամ: 

Բյուջեն կատարվել է 25.1 մլրդ դրամ հավելուրդով