Հայաստանը մասնակցում է «AIM 2013» ամենամյա ներդրումային համաժողովին
29/04/2013 20:30

Հայաստանը մասնակցում է «AIM 2013» ամենամյա ներդրումային համաժողովին

ՀՀ Կառավարության բարձր հովանու ներքո ապրիլի 30-ից մայիսի 2-ը հայկական պատվիրակությունը կմասնակցի Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայանալիք եռօրյա «AIM 2013» Ամենամյա ներդրումային համաժողովին, ունիվերսալ ցուցահանդեսին և գործարար հանդիպումներին: Այս մասին տեղեկացնում են Զարգացման հայկական գործակալությունից:

«AIM 2013»-ին կմասնակցեն շուրջ 70 երկրներից (Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Արաբական աշխարհ, Հյուսիսային և Հարավային Ամերիկա, ԱՊՀ երկրներ և այլն) մոտ 3000 մասնակից:

Միջոցառմանը կներկայացվեն Հայաստանի ներդրումային հնարավորությունները և առկա ներդրումային ծրագրերը: Միջոցառումը հարթակ կհանդիսանա մասնակից երկրների և հայ գործարարների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման, ընդլայնման, նոր գործարար հարաբերությունների ստեղծման և հետագա զարգացման համար: 
Հայաստանից միջոցառմանը կմասնակցեն Զարգացման հայկական գործակալությունը, Արդյունաբերական զարգացման հիմնադրամը, ՀԲԱԿ-Հայաստանի Բերքի առաջմղման կենտրոնը, Էլբատ ՓԲԸ (էլեկտրոնիկա), Սիս Նատուրալը (հյութերի արտադրություն), Սամ-Հար ՍՊԸ (հյութերի արտադրություն), Եվրոկոմֆորտ ՍՊԸ (կահույքի արտադրություն), Էսկուլապ ՍՊԸ (դեղագործություն), Գնոմոն (ոսկերչություն), Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը:

Կներկայացվեն ներդրումային ծրագրերը հետևյալ ոլորտներում՝ կահույքի արտադրություն, հյութերի արտադրություն, գյուղատնտեսություն:

Ծրագիրը իրականացվում է ՀՀ կառավարության «Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2013 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն: 

Միջոցառմանը հայկական ընկերությունների մասնակցությանը աջակցում են Զարգացման հայկական գործակալությունը և Արդյունաբերական զարգացման հիմնադրամը:
 

Հայաստանը մասնակցում է «AIM 2013» ամենամյա ներդրումային համաժողովին