ՀԱԿ-ը պատրաստվում է քրեական պատասխանատվության կանչել Տարոն Մարգարյանին
29/04/2013 16:19

ՀԱԿ-ը պատրաստվում է քրեական պատասխանատվության կանչել Տարոն Մարգարյանին

Ի դեմս Տարոն Մարգարյանի, գործ ունենք հանցագործի հետ, ով զբաղված է եղել ժողովրդին թալանելով: Այլևս մեզ չեն մեղադրի, որ փաստեր չունենք` մենք հավաքել ենք բոլոր անհրաժեշտ փաստերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ու ավելացրեց, որ իրենք դիմել են Գլխավոր դատախազություն` Տարոն Մարգարյանին պատասխանատվության ենթարկելու հարցով:

«Ուսումնասիրել ենք տարբեր տարիներին Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված հայտարարագրերը, որից հետո պարզ է դարձել, որ 2005թ.-ին որպես Ավանի ղեկավար, նա եկամուտ է ներկայացրել 7 մլն դրամից փոքր ինչ ավել գումար. համեստ եկամուտ, որը տրամաբանական է:

Արդեն 2007 թ.-ին ներկայացվել է 64 մլն դրամ, 50 հազար դոլար և 80 մլն դրամ ՝ոսկյա իրերի իրացումից, այսինքն՝ թաղապետ աշխատելու տարիներն նրա ունեցվածքը աճել է շատ անգամներ: Նշեմ, որ թաղապետ եղած ժամանակահատվածում նա ստացել է 130 հազար դրամ աշխատավարձ, և նույն հայտարարագրերում նշել է, որ նվիրատվություններ կամ կողմնակի եկամուտներ չունի:

Իսկ այս տարի` 2013թ.-ին, ունեցվածքը հայտարարագրված է 115 մլն դրամ, 50 հազար դոլար, 50 հազար եվրո, տասնյակ բնակարաններ Երևանում, մեքենաներ և այլն»,- մանրամասնեց Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ կուսակցության փոխնախագահի խոսքով` արդեն կազմվել են մի քանի նամակ-դիմումներ, որոնք կուղարկվեն գլխավոր դատախազին. «Դրանց միջոցով կոչ ենք անում քրեական պատասխանատվության կանչել Երևանի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանին»:

«Մեզ այլևս ոչ ոք չի մեղադրի առանց փաստերի խոսելու մեջ: Այժմ փաստերը ներկայացված են` կամ հերքեք դրանք ապացույցներով, կամ` ընդունեք»,- ասաց Լևոն Զուրաբյանը: